News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Ոսկեպարում, ըստ էության, արձանագրվել է այն, ինչը մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արձանագրությանը:

«Ես նաեւ մեր սիրելի ոսկեպարցիներին ասացի՝ գիտեմ, հենց թուղթ ստորագրվի, գալու են ասեն՝ վայ, էս էն չի, էս ուրիշ բան էր, ուրիշ բան ասեցին, ուրիշ բան արեցին: Ես դահլիճի ներսում իրենց ասացի՝ խնդրում եմ չհավատաք, որովհետեւ այն, ինչ պայմանավորվել ենք, ամեն ինչ հենց այդպես է:

Նույնը վերաբերում է Կիրանցին, մեր խոսակցությունների ժամանակ մենք շատ աշխատանքային դետալների մեջ չենք խորացել, բայց նաեւ ուզում եմ ասել, որ եւ Կիրնցում, եւ Ոսկեպարում ես ասել եմ, որ եթե հանկարծ սահմանազատման գործընթացում կպարզվի, որ ինչ-որ տների, ինչ-որ հողամասերի հետ կապված խնդիր կա, բնականաբար, մենք մեր բոլոր քաղաքացիների  իրավունքներին տեր կկանգնենք: Այնտեղ, որտեղ անհրաժեշտ կլինեն այլ լուծումներ, մենք նույն բնակավայրում նոր տներ կկառուցենք»,-ասաց նա:

Նշենք, որ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։

Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։ Այսօր եւս Կիրանցում բնակիչները հավաքվել եւ իրենց բողոքն են արտահայտում տեղի ունեցողի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

Տպել
Ամենաշատ