News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Ինչպե՞ս է սահմանազատում իրականացվում երկրում, եթե մինչ օրս Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ փաստաթուղթը չի ստորագրվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նշենք, որ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցը:

Մանուկյանն ընդգծեց, որ առհասարակ երկու երկրի միջև սահմանազատում և սահմանագծում իրականացվում է փաստաթղթի ստորագրումից 2 ամիս անց։

ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանն ի պատասխան Մանուկյանի հարցերի` մեջբերումներ արեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունից։

«Եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ համաձայնագրով սահմանված դրույթներին։ Այսինքն` եթե կնքվի այդ համաձայնագիրը, ինչի հույսը մենք ունենք, այն ավելի բարձր իրավաբանական ուժ կունենա, հետևաբար ստորադաս համաձայնագրերը պետք է համապատասխանեցվեն դրան։ Միևնույն ժամանակ նշվում է, որ կողմերը համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտն արձանագրությունում նշված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված։ Այսինքն` այսօր կատարված աշխատանքը ջուրը չի նետվի»,– նշեց Կարապետյանը։

Գեղամ Մանուկյանը շեշտեց` աշխարհում չկա մի երկիր ու նման խելագար կառավարություն, որ օկուպացված տարածքներ ունենա ու սեփական ժողովրդին պատերազմով վախեցնի։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Տպել
Ամենաշատ