Պետքարտուղարության և Freedom House իրավապաշտպան կազմակերպության քննադատությունը հուշում է, որ Արևմուտքը երկարաժամկետ հեռանկարում Փաշինյանի իշխանությունը հուսալի չի համարում։ Արևմուտքը հասկացրել է, որ գործող վարչակարգը կարող է առավելագույնը իշխանության ղեկին մնալ մինչև 2026 թվականը՝ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանը։
«Արևմուտքը դրանով հայտարարում է, որ դեմ չէ Հայաստանում իշխանափոխությանը, բայց չի տեսնում ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող ղեկավարի, որը կարող է փոխարինել գործող իշխանություններին։ Արևմուտքը դեմ է հանդես գալիս փողոցային հուզումների ճանապարհով իշխանափոխությանը, բայց դեմ չէ ընտրությունների միջոցով իշխանափոխությանը։
Սակայն Արևմուտքը չի տեսնում այն ուժը, որը կարող է քաղաքակիրթ ճանապարհով իշխանափոխություն իրականացնել։ Եթե տեսնի, կստիպի իշխանություններին շատ արագ արտահերթ ընտրություններ կազմակերպել»,- հավելել է Անանյանը։