Ղազախստանում հեղեղումների պատճառով նավթարդյունաբերման շուրջ 450 հորատանցք շարունակում է ջրի տակ մնալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասխատ Խասենովը։
«Ջրհեղեղները սկսվելու պահից ի վեր նավթի կորուստները կազմել են մոտ 20 հազար տոննա։ Ջրի նահանջին համընթաց, հորատանցքերը գործարկվում են։ Ներկա պահի դրությամբ հեղեղված 673 հորատանցքից ջրի տակ է մնում մոտ 450 հորատանցք»,- ասել է Խասենովը։
Ապրիլի 18-ին Ղազախստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հեղեղումների պատճառով Ակտոբեի և Ատիրաուի շրջաններում նավթ արդյունահանող մի շարք ձեռնարկություններ դադարեցրել են ավելի քան 630 հորատանցքի շահագործումը։
Մարտին սկսված ջրհեղեղների պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել Ղազախստանի տասը շրջանում։ Այս պահին դրանցից չորսում շարունակվում են հեղեղումների դեմ պայքարի միջոցառումները։ Այս ընթացքում փրկարարներն ընդհանուր առմամբ տարհանել են ավելի քան 119 հազար մարդու։ Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ։