News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ներկայացուցիչ Րաֆֆի Քալֆայանը և Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը մի շարք այլ հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ապրիլի 22-23-ին Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին՝ Ադրբեջանի պարբերական զեկույցի դիտարկման վերաբերյալ, ինչպես նաև մի շարք հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի տարբեր կառույցներում:

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ–ից NEWS.am–ին հայտնում են, որ նստաշրջանի օրակարգում էր Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայի ներքո Ադրբեջանի պարտավորությունների կատարումը: Վերջինիս վերաբերյալ I.C.Law-ն, Իրավունքների և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը, «Արբանէ» հիմնադրամը և «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ-ն մարտի 18-ին համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ ի պատասխան Կոմիտեին ներկայացրած Ադրբեջանի 5-րդ պարբերական զեկույցին:

Խոսնակները ելույթ են ունեցել Խոշտանգումների դեմ կոմիտեի՝ հասարակական կազմակերպությունների համար նախատեսված ճեպազրույցում՝ ներկայացնելով 2016-ից ի վեր ադրբեջանցիների կողմից էթնիկ ատելության հիմքով հայերի նկատմամբ խոշտանգումների դեպքերը: Նրանք ընդգծել են, որ ադրբեջանական հանցագործությունների անպատժելիությունը հանգեցրել է 2020-2023թթ. խոշտանգումների և այլ ոճրագործությունների կտրուկ աճի, որոնց հետևանքով Արցախի ժողովուրդը ենթարկվել է տասնամսյա շրջափակման և ամբողջական ու բռնի տեղահանման:

Քալֆայանն ու Բեգլարյանը հատուկ անդրադարձել են ադրբեջանական բանտերում տեղի ունեցող խոշտանգումներին՝ հղում անելով հայրենիք վերադարձած հայ գերիների վկայություններին: Այդ համատեքստում նրանք կարևորել են միջազգային հանրության գործուն քայլերի անհրաժեշտությունը՝ պաշտպանելու և ազատելու ադրբեջանական բանտերում որպես գերի պահվող հայերին:

Մասնակցելով նաև Խոշտանգումների դեմ կոմիտեի անդամների և Ադրբեջանի պատվիրակության միջև քննարկմանը՝ ՀԿ-ների ներկայացուցիչները հերթական անգամ արձանագրեցին, թե ինչպես են ադրբեջանական իշխանությունները բազմաթիվ կեղծ տեղեկություններ տրամադրում միջազգային հանրության ներկայացուցիչներին, կոծկում իրենց կատարած զանգվածային ոճրագործությունները և ամբողջապես խեղում ղարաբաղյան հակամարտության էությունը:

Կոմիտեի փորձագետ և երկրի համազեկուցող Թոդ Բուխվալդն ասաց, որ բազմաթիվ հաղորդումներ են եղել հայ ռազմագերիների նկատմամբ բռնությունների մասին․

«Սարսափելի մեկ տեսանյութում երևում էր, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը գլխատում տանջվող հայ տղամարդու, իսկ հավաքված ամբոխը՝ ծափահարում և ոգևորում: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ազգամիջյան ատելության այս և այլ դեպքերը հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»։

Ադրբեջանի պատվիրակությունը պատասխանել է, որ Ադրբեջանը ժխտել է հայ ռազմագերիների նկատմամաբ Ժնևի կոնվենցիաներին համապատասխան վերաբերմունք չցուցաբերելու մասին պնդումները։ Ըստ պատվիրակության անդամների՝ ռազմագերիները չեն ենթարկվել խոշտանգումների և ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին։

Պատվիրակությունը նաև պնդել է, որ Գլխավոր դատախազությունը հետաքննություն է իրականացրել՝ տեսագրված հայ կալանավորների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Ըստ նրանց՝ որոշ զինվորականներ մեղավոր են ճանաչվել հայկական դիակները և գերեզմանները պղծելու մեջ և ենթարկվել են կարգապահական տույժերի կամ բանտարկության, իսկ Հայաստանի քաղաքացիների սպանության համար երկու անձ դատապարտվել է ազատազրկման։

Քալֆայանն ու Բեգլարյանը նաև հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբի, Բռնի կամ հարկադիր անհետացումների հարցերով աշխատանքային խմբի և այլ մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում նրանք ներկայացրել են տվյալ մարմինների լիազորություններին առնչվող ադրբեջանական հանցագործություններն ու հիմնախնդիրները, որոնց բախվել և բախվում են հայերն Արցախում ու Հայաստանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կան բանկեր, որոնք ավելի շատ են տուժել, քան մյուսները ղարաբաղցիներին վարկերը դուրս գրելու արդյունքում. ԿԲ նախագահ
Պարտքերի փաթեթում, որը գնահատվել է 315 մլրդ դրամ, որի 70%-ը համաձայնել է ստանձնել ՀՀ ֆինանսների...
Monumentwatch.org-ի արձագանքը Խոջալուի դամբարանադաշտի և իսլամական դամբարանի «ավերման» մասին ադրբեջանական մեղադրանքներին
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում…
ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձի արդեն իսկ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար
Արտահերթ ռեժիմով են մեր հայրենակիցները քաղաքացիության դիմումների մասով...
Ալիևին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ապօրինաբար պահվող բոլոր հայերին. Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի...
Իշխանությունների կողմից կա բացարձակ ատելություն արցախցի հայի նկատմամբ. Մետաքսե Հակոբյան
Իմ ունեցած տեղեկություններով Արցախի քաղաքապետերի դեմ վարույթը սկսվել էր...
Ադրբեջանցիները պղծել են Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը
Եվրոպական Խորհրդարանի կողմից 2022 թվականին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային...
Ամենաշատ