News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ապրիլի 26-ին հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայ խորհրդարանականները, ողջունելով հյուրին, կարեւորել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները եւ Եվրոպական միության ներկայությունը տարածաշրջանում:

Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը` հատկապես դժվարին ժամանակահատվածում Հայաստանին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Տիգրան Աբրահամյանն էլ բարձր է գնահատել տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ անվտանգության հաստատման ուղղությամբ ԵՄ ջանքերը:

Պատգամավորները խոսել են Լեռնային Ղարաբաղից հայաթափված ժողովրդի, նրանց խնդիրների եւ Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների վերադարձի կարեւորության մասին:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացին` ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել  են դրա վերաբերյալ իրենց տեսակետը, որը, ըստ իրենց, տարբերվում է իշխող քաղաքական ուժի դիրքորոշումից:

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը կարեւորել է խորհրդարանի հետ հարաբերությունները: Նա խոսել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունից, ներկայացրել մեր երկրում ԵՄ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերը:

Անդրադառնալով ԼՂ-ից տեղահանված բնակչությանը` Վասիլիս Մարագոսը նշել է. «Մենք փորձել ենք նրանց կարիքները հասցեագրել հումանիտար աջակցություն տրամադրելու միջոցով: Մինչ այժմ ԵՄ անդամ պետությունները եւ եվրոպական հաստատություններն ավելի քան 60 մլն եվրո աջակցություն են տրամադրել այդ կարիքների համար»:

Խոսելով սահմանազատման եւ սահմանագծման հարցից` հյուրը նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին:

Հանդիպմանը հայ խորհրդարանականները խոսել են նաեւ մեր երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի, ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ