Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականի հարցը իշխող հանրապետական կուսակցությունում չի քննարկվել եւ այդ հարցը չի ներառվել ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստի օրակարգում: Այս մասին այսօր` նոյեմբերի 16-ին, մամուլի ասուլիսում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

«Հարցը տեղափոխվել է իրավական հարթություն, հարուցվել է քրեական գործ: Ես ենթադրում եմ, որ այդ հարցը խորն արմատներ ունի, այդ գործը կապված չէ միայն ծեծի հետ, այնտեղ ուրիշ հարցեր կան: Ինքը երեւույթը, անկախ նրանից, թե ով է այն կատարել` հանրապետականը, թե այլ մեկը, գեղեցիկ չէ: Ես անձամբ չեմ տեսել, դրա մասին կարդացել եմ մամուլում: Այդ պատմության մեջ ինձ համար մութ, անտրամաբանական տեղեր կան»,- հայտարարել է պատգամավորը:

«Երկրորդ. Ինչո՞ւ մինչ այժմ Սիլվա Համբարձումյանը չի դիմել իրավապահ մարմիններին իր սարքավորումները գողանալու հարցով: Շատ խորհրդավոր պատմություն է»,- նշել է խորհրդարանականը:

Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ այդ պատմությունը սարքվել է, որ ազատվեն մարզպետից, Ալեքսանյանը պատասխանեց. «Շատ տարբեր մեթոդներ կան ազատվելու համար... Ես չեմ հավատում, որ Սուրեն Խաչատրյանը հենց այնպես հարվածել է, ես կարծում եմ, որ այդ ամենը նախապատմություն ունի: Խաչատրյանը պատահական մարդ չէ, թեեւ էմոցիոնալ է, որպեսզի վերցնի ու հարվածի: Նա հրաշալի հասկանում է, թե ում խփի եւ ինչի համար..,»:

Նա նաեւ հայտնել է, որ չի զանգահարել Սյունիքի մարզպետին, որպեսզի ճշտի նման դեպք եղե՞լ է, թե` ոչ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա՝ ըստ որի  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նոյեմբերի 14-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն:

Սիլվա Համբարձումյանին առաջարկվել է դատաբժշկի ուղեգիր, սակայն նա հրաժարվել է փորձաքննության ենթարկվել՝ պատճառաբանելով, որ մարզպետի հարվածից ցավ է զգացել, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Ս.Համբարձումյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել դեռեւս նոյեմբերի 10-ի մամուլի հրապարակումների հիման վրա նախապատրաստվող նյութերի շրջանակներում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին մամուլում տպագրվել է Ս.Համբարձումյանի հայտարարությունն առ այն, որ «Լիճվազք-Թեյի» ոսկու հանքից Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում: Մամուլի տվյալ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով ստուգելու մատնանշված հանգամանքները: