News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իշխանությունը եկեղեցու գործերին անընդհատ միջամտել է ու փորձելու է միջամտել: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, լրագողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը` անդրադառնալով քննադատությանը, որ իր գործողություններով ինքն իշխանությանն իրավունք տվեց միջամտելու եկեղեցու գործունեությանը:

Նա հայտնեց, որ Վեհափառ Հայրապետի հետ պարբերաբար հանդիպում է: Վերջին հանդիպումը եղել է երկու օր առաջ, սակայն չհստակեցրեց, թե իր նախաձեռնած շարժման վերաբերյալ ինչ կարծիք է հայտնել Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Անդրադառնալով պնդումներին, որ Հոգևոր գերագույն խորհրդում դժգոհություն կա իր գործունեության վերաբերյալ, Բագրատ Սրբազանն ասաց, որ արտառոց որևէ բան չի անում: «Կյանքը նորմալ, բնականոն ընթացքով շարունակվում է: Ես քաջալերում եմ մարդկանց, որ իրենց զգացումներն արտահայտեն, չվախենան ճշմարտության մասին խոսելուց: Ինչ տարօրինակ բան կա: Ասում եմ` եկեք ինքնամաքրվենք, հաշտվենք: Ինչ վատ բան եմ ասում»,- նշեց Բագրատ սրբազանը:

Պատասխանելով հարցին, թե քանի օրում կհասնեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդն ասաց` որքան որ կպահանջվի:

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 11.00-ի դրությամբ 151 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից:

Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։ Այդ գործողություների ընթացքում վնասել են օպերատորներից մեկի տեսախցիկը, իսկ 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ