News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ քննարկելու վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը։

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ Սփյուռք գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումները: Զեկուցվել է, որ  2023 թ. հունիսի 1-ից գրասենյակը գործարկել է Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը: Կենտրոնը հայրենադարձներին տրամադրում է անհատական ու խմբային խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ, իրականացնում է հայրենադարձների ինտեգրմանն ուղղված միջոցառումներ: Հայրենադարձության և ինտեգրման հարցերով ընդունվել և ընթացք է տրվել 3 617 դիմումի, 340 հայրենադարձների համար կազմակերպվել են 13 օնլայն ու օֆլայն խորհրդատվական հավաք-հանդիպումներ, 413 հայրենադարձ մասնակցել է հայոց լեզվի, ինտեգրման ու վերապատրաստման անվճար դասընթացների, 81 սիրիահայեր պետպատվերի շրջանակներում օգտվել են առողջապահական ծառայություններից:

Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ և դրա արդյունավետությամբ: Զարեհ Սինանյանը նշել է, որ կենտրոնը համապարփակ ծառայություններ է մատուցում հայրենադարձներին՝ տարբեր խնդիրները լուծելու նպատակով, այդ թվում՝ երեխաների համար դպրոց, մանկապարտեզ գտնելու, աշխատանքի տեղավորման, քաղաքացիության, մաքսային հարցերի հետ կապված: 

Նշվել է, որ «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը շրջանառվել է պետական կառավարման համակարգի մարմիններում և այն պատրաստ է ԱԺ ներկայացման: Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ օրենքը պետք է հաշվի առնի հայրենադարձների գործնական խնդիրներն ու առկա ողջ տեղեկատվությունը:  Միաժամանակ, վարչապետը նկատել է, որ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը նաև տեղեկատվական բազա ստեղծելու կոնկրետ մեխանիզմ է:

Սփյուռքի ներուժի համախմբման, հայրենիքում սփյուռքի ներգրավվածության ակտիվացման և հայկական շահերի պաշտպանության նպատակով գրասենյակը կազմակերպել է Ազգային երիտասարդական համաժողովը և Հայ իրավաբանների համագումարը, որոնց մասնակցել է 600-ից ավելի երիտասարդ 50 երկրից, 250 հայ իրավաբան 30 երկրից և 150 բանախոս 15 երկրից: Վարչապետը հետաքրքրվել է, թե օրինակ Ազգային երիտասարդական համաժողովի առաջ գործնական ի՞նչ է դրվել: Ի պատասխան նշվել է, որ դրա նպատակն է երիտասարդներին կապել Հայաստանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ: Զարեհ Սինանյանի խոսքով՝ երիտասարդների համար ներդրում անելով՝ ապահովվում է շարունակականություն բոլոր ծրագրերի համար: «Միևնույն ժամանակ երիտասարդների հետ ստեղծում ենք երկարաժամկետ հարաբերություններ»,- ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հիմնական խնդիրն է մարդկանց հետ կապը պահպանել, փոխգործակցություն ապահովելը: Զարեհ Սինանյանը նշել է, որ համաժողովի օրակարգը մշակվում է մասնակիցների հետ:

Կարևորվել է սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ընդլայնման գործընթացը: Սփյուռքի գործերի հանձնակատարներ են նշանակվել Լեհաստանում, Նիդերլանդներում, Իտալիայում, Սլովակիայում, Դանիայում և Գերմանիայում: Զարեհ Սինանյանը նշել է, որ արդեն իսկ նշանակված հանձնակատարները համայնքում կշիռ ունեցող անձինք են, ովքեր ցանկություն և կարողություն ունեն լինել պետության ներկայացուցիչը համայնքում: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սրանով հնարավորություն է ստեղծվում, որպեսզի սփյուռքի համայնքները կառավարության հետ առնչվելու ցանց ունենան:  

Մշակվել է «Սփյուռքից բարեգործական ծրագրերի իրականացմանն աջակցություն» ծրագիրը, որի շրջանակում հանձնակատարի գրասենյակն ունի ուղղորդման դեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ծրագրերի արդյունավետ ու նպատակային ուղղորդումը՝ համայնքների և կառավարության հետ համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրերով դրանք կյանքի կոչելու առումով: Վարչապետը կարևորել է ծրագրերի համակարգումը և նշել, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պետք է այդ գործընթացում լինի հաբ՝ կազմակերպությունների, կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև:  

Սփյուռքի մարդկային ներուժի վերհանման, դրա քարտեզագրման և տեղեկատվական բազայի ստեղծման ուղղությամբ 2023-ին հավաքագրվել է 25,000 սփյուռքահայ անհատի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև լրամշակվել է 2021-ին հավաքագրված 50,000 անհատի վերաբերյալ տեղեկատվությունը: Տեղեկատվական բազայում, ընդհանուր առմամբ, առկա է 100 հազար սփյուռքահայ անհատի վերաբերյալ տեղեկատվություն, որը ենթարկվում է շարունակական թարմացման:

Շարունակվել են սփյուռքի համայնքների ուսումնասիրությունների իրականացումը, տեղի են ունեցել այցելություններ 13 երկրների հայ համայնքներ, որոնց ընթացքում կայացել են 178 հանդիպումներ:

Տեղեկացվել է, որ մշակվել է «Հայաստան-Սփյուռք գործակցության 2024-2038 ռազմավարության նախագիծը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սփյուռքի համայնքներում հայկական դպրոցների գործունեությանը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ գործում է ավելի քան 800 դպրոց, որտեղ ուսում է ստանում 90 հազարից ավելի աշակերտ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է հայկական դպրոցներին աջակցության ցուցաբերումը, այդ թվում՝ անհրաժեշտ դասագրքերով ապահովմամբ:

Տպել
Ամենաշատ