News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

«Հայաստանի վաղ պատմական փուլի հնագիտական հետազոտություն» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ճապոնիայի Տոկայի համալսարանի միջև 2017թ․ սեպտեմբերի 1-ին կնքված համաձայնագրով։ Ծրագրի համաղեկավարներն են գիտաշխատող Արթուր Պետրոսյանը և Տոկայի համալսարանի պրոֆեսոր Մ․ Արիմուրան։

ԳԱԱ-ից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքներն իրականացվում են Ճապոնիայի Կրթության, մշակույթի, սպորտի և գիտության նախարարությանը  կից Գիտության զարգացման ճապոնական ֆոնդի (JSPS KAKENHI Fostering Joint International Research), ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և «Արենի-1 քարայր» կոնսորցիումի ֆինանսավորմամբ։

Արմավիրի մարզի Լեռնագոգ-1 հնավայրի հետազոտությունները ցույց են տվել, որ Ք.ա. VIII-VII հազարամյակների սահմանին այստեղ ապրել է մի համայնք, որի բնակիչները տիրապետել են վաղ անասնապահությանը և կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային: Սա ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում հայտնի վաղ անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից է։ Այս իմաստով Լեռնագոգ-1-ի պեղումներն ունեն կարևորագույն նշանակություն հին աշխարհում առաջին նստակյաց համայնքների հետազոտության գործում։

«Հայաստանի նեոլիթացման գործընթացի ամենակարևոր խնդիրը լեռնային գոտիներից հայտնի վաղհոլոցենյան հնավայրերի և Արարատյան դաշտի բնակատեղիների միջև փոխհարաբերությունն է։ Պետք է նշել, որ ժամանակագրական տեսանկյունից գոյություն ունի որոշակի ժամանակագրական բաց այս երկու խմբի հնավայրերի միջև։  Հայաստանի վաղհոլոցենյան փուլի համար բազային հնավայրերից մեկի՝ Ափնագյուղ 8 (Քմլո - 2)  քարայրի համար ստացված ռադիոածխածնային տվյալները ցույց են տալիս   Ք.ա․ 11 - 8-րդ հազարամյակների սահմանը։ Հնավայրի համար ստացված ամենաերիտասարդ տարեթիվը Ք.ա․ 7400 է։ Այս տարեթվի և Արարատյան դաշտի նեոլիթյան բլուր-բնակատեղիներից ստացված տարեթվերի միջև, որոնք թվագրվում են Ք․ա․ 6-րդ հազարամյակով,  գոյություն ունի 1,000 տարվա ժամանակագրական դադար։ Լեռնագոգ-1 հնավայրում իրականացվող համապարփակ ուսումնասիրությունը նպատակ ունի բացահայտելու այն մշակութային գործընթացները, որոնք հանգեցրին Հայաստանում նեոլիթյան համայնքների առաջացմանը», - ասաց գիտական խմբի ղեկավար, գիտաշխատող Արթուր Պետրոսյանը։

Հնագետները պարզել են, որ Լեռնագոգում ապրել է մի համայնք, որը տիրապետել է կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային, հանգամանք, որը գալիս է լրացնելու և փոխելու տարածաշրջանի նեոլիթ-էնեոլիթյան շրջափուլի մշակույթների մասին առկա պատկերացումները և արտադրող հասարակությունների պատմությունը կարող է հետ տանել առնվազն հազար տարով: «Ուսումնասիրության նախնական արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ մենք ժամանակակից Հայաստանի տարածքում փաստագրել ենք միջուկային գոտիներին բնորոշ պարամետրերով առաջին կայան-բնակատեղիներից մեկը, որի տարիքը հաստատվում է բազմաթիվ ռադիոկարբոնային տվյալներով», - ասաց Արթուր Պետրոսյանը։

Լեռնագոգ-1 հնավայրի պեղումների արդյունքները մասնագիտական հանրությանն են ներկայացվել Հայաստանում, Կիպրոսում, Ճապոնիայում, Իտալիայում անցկացված բազմաթիվ հեղինակավոր գիտաժողովների ընթացքում։

01.jpg (264 KB)

03.jpg (226 KB)

04.jpg (343 KB)

05.jpg (330 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ