Ցուցարարների եւ ոստիկանության բախման հետեւանքով զոհերի թիվը Կահիրեի Թահրիր հրապարակում հասել է 12-ի: 1,7 հազար մարդ տուժել է, որոնցից 110-ին հիվանդանոց են տեղափոխել:
Հիշեցնենք, նոյեմբերի 19-ին եւ 20-ին «արաբական գարնանից» հետո ամենամեծ զանգվածային բողոքի ցույցերն են տեղի ունեցել: Այս անգամ հրապարակը իշխող Զինված ուժերի գերագույն խորհրդի հակառակորդների պատվարն է դարձել: «Եղբայր մուսուլմանների» կազմակերպած ցույցի մասնակիցների գլխավոր պահանջը իշախնությունը ռազմական վարչակազմից քաղաքացիական կառավարությանը շուտով փոխանցելն է:
Երկու օր շարունակ հրապարակը ցուցարարների վերահսկողության տակ էր: Նոյեմբերի 19-ի երեկոյան Եգիպտոսի վարչապետ Էսսամ Շարիֆը ցուցարարներին կոչ է արել լքել Թահրիր հրապարակը, հայտնում է Reuters-ը:
Նոյեմբերի 20-ի երեկոյան ոստիկանությունը եւ ՆԳՆ աշխատակիցները Թահրիրից ցուցարարներին ցրելու հերթական կազմակերպված փորձն են ձեռնարկել: Հրապարակ են դուրս եկել տասնյակ ոստիկաններ: Արցունքաբեր գազի նռնակներ նետելով ցուցարարների վրա` իրավապահները սկսել են ծեծել նրանց, որոնք չեն հասցրել փախչել: Բախումները շարունակվել են նաեւ ՆԳՆ շենքի մոտ, որտեղ փորձել են ներխուժել ցուցարարները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Եգիպտոսի միանգամից մի քանի նահանգներում Կահիրեի Թահրիր հրապարակի ցուցարարներին սատարող ցույցեր են սկսվել: Մասնավորապես, բողոքի ցույցեր են ընթանում Ալեքսանդրապոլում եւ Սուեցում:
Նշենք, որ նոյեմբերի 28-ին Եգիպտոսում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, եւ Եգիպտոսի կառավարոթյունը նոյեմբերի 20-ի երեկոյան հայտարարել է, որ չի պատրաստվում արյունահեղության պատճառով հետաձգել խորհրդարանի ընտրությունները:











