44-ամյա «Սեւ այրին», որի քաշն ընդամենը 45 կգ է, 10 րոպեում  2,38 կգ  հնդկահավի միս է կերել: Կորեական ծագմամբ ամերիկուհի  Սոնյա Թոմասը  Գոհաբանության օրվա նախօրեին Նյու Յորքում անցկացվող ամենամյա ավանդական հնդկահավի մսի արագակերության մրցույթի հաղթող է ճանաչվել:

Նա իր քաշը չորս անգամ գերազանցող, ինչպես նաեւ ավելի վաղ  դդումի կարկանդակ ուտելու աշխարհի ռեկորդակիր, տրամվայի 42-ամյա  վագոնավար Էրիկ Բուքերից  ավելի արագաշարժ է եղել:

Սոնյան հայտնել է, որ մսի կտորները կուլ տալու հատուկ «տեխնիկա»  է մշակել` հետը ջուր խմելով: Նա նաեւ խոստովանել է, որ «հնդկահավի միս այնքան էլ չի սիրում, բայց սա շատ համեղ էր», եւ  կերել է գրեթե ամբողջ միսը` թողնելով միայն ոսկորները:

Մրցույթում հաղթելու համար Սոնյան 1,5  հազար դոլար է ստացել: Ըստ նրա` այդ գումարի մի մասը կծախսվի  Գոհաբանության օրվա տոնական ընթրիքի համար` հինգշաբթի օրը, բայց ավանդական ուտեստ` հնդկահավ, նրա սեղանին չի լինի, կլինի կորեական ուտելիք:

«Սեւ այրին»  նաեւ պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում պահպանել կազմվածքը` շատ թարմ մրգեր եւ բանջարեղեն օրվա չափաբաժնում, ինչպես նաեւ ամենօրյա մարզանքներ:

Սոնյան  աշխարհի 24 ռեկորդ է սահմանել  ուտելու տարբեր մրցույթների մասնակցելով` ոստրեներից մինչեւ քաղցր կարկանդակներ:  Նման մրցույթների մասնակիցները նրան «Սեւ այրի»  են անվանել` «մրցույթների ընթացքում արական սեռի մասնակիցներին հեռացնելու ձգտման համար», գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: