Արաբական պետությունների լիգան նոյեմբերի 24-ին Սիրիային կրկին վերջնագիր է ներկայացրել, որի ժամկետը լրանում է այսօր` նոյեմբերի 25-ին: Այն պահանջել է, որպեսզի իր դիտորդներն անմիջապես Սիրիա անխոչընդոտ մուտք գործելու թույլտվություն ստանան, հակառակ դեպքում լիգան Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կկիրառի:
Ըստ Reuters-ի, պատժամիջոցները ենթադրում են քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների թռիչքը Սիրիա արգելելը, ինչպես նաեւ կդադարեցվեն այդ երկրի կենտրոնական բանկի հետ բոլոր հարաբերությունները: Պատժամիջոցների կիրառման մասին որոշումը կարող է ընդունվել արդեն կիրակի օրը` նոյեմբերի 27-ին, Արաբական պետությունների լիգայի արտաքին գործերի նախարարների նիստում:
Հիշեցնենք, որ նախօրեին Դամասկոկսը համաձայնել էր Արաբական պետությունների լիգայի դիտորդներին Սիրիա ուղարկելու արձանագրությունների ստորագրմանը: Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմի համապատասխան նամակն ստացել էր լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին:
Միաժամանակ, այսօր Agence France-Presse-ը, վկայակոչելով սիրիական իրավապաշտպան Syrian Observatory for Human Rights կազմակերպությանը, հաղորդում է, որ Սիրիայում նոյեմբերի 24-ին բախումների արդյունքում ավելի քան 50 մարդ է սպանվել: Զոհվածների թվում սիրիական անվտանգության ուժերի 23 աշխատակիցներ կան, 15 դասալիքներ եւ 13 խաղաղ բնակիչներ:




























