Ռուսաստանում Խոշտանգումների դեմ միջտարածաշրջանային կոմիտեի Օրենբուրգի մասնաճյուղը անդամները, նոյեմբերի 29-ին բողոքի ակցիա են կազմակերպել ՆԳՆ տեղի բաժանմունքի դիմաց, որն ուղղված է ոստիկանությունում բռնությունների ալիքի մեծացման դեմ:
Կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պիկետը համընկել է ոստիկանության բաժանմունքում Հայաստանի քաղաքացի Արմեն Սարգսյանի մահվան փաստի առթիվ քրեական գործի հարուցման հետ: Պիկետը համաձայնեցված է եղել վարչակազմի հետ եւ պահպանվել է ոստիկանության ջոկատի կողմից:
Կոմիտեի փոխանցմամբ, նոյեմբերի 18-ին 34-ամյա Արմեն Սարգսյանը ձերբակալվել է ոստիկանների կողմից եւ բերման ենթարկվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական բաժին: Գիշերը ձերբակալվածի հարազատներին հայտնել են, որ Արմենը գտնվում է դիահերձարանում: Դիահերձարան ժամանած ծնողները Արմենի դիակի վրա մարմնական վնասվածքներ են նկատել: Գլխի շրջանում եղել է թարմ, 4-5 սմ-անոց խաչաձեւ վերք: Նմանատիպ վերք է եղել նաեւ ծոծրակի շրջանում:
Բժիշկը Արմենի հորը հայտնել է, որ վնասված են եղել Արմենի երիկամները, ամորձիների վրա բազմաթիվ կապտուկներ են եղել:
Ոստիկանությունը տեղեկություն է տարածել, որ ձերբակալվածի մահը վրա է հասել սրտի անբավարարությունից:
Արմենի ծնողները դիմել են խոշտանգումների դեմ կոմիտե:



























