Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 9-ին, կեսգիշերին մոտ երկամսյա կալանքի որոշում է կայացրել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանի նկատմամբ:

Դատարանը բավարարել է Հայաստանի պետեկամուտների քննչական վարչության միջնորդությունը: ՊԵԿ-ի փոխանցմամբ, Նարեկ Կարապետի Հարթունյանը, հանդիսանալով «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր Գարաբեդ Հարթունյանի որդին, ղեկավարել է հիշյալ ընկերության գործունեությունը եւ այդ ժամանակահատվածում խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց:

Դեկտեմբերի 9-ին Նարեկ Կարապետի Հարթունյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը) եւ 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները խոշոր չափերով օրինականացնելը, փողերի լվացումը), ընկերության փոխտնօրեն Անի Սերժիկի Մնացականյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի 2-րդ մասով, իսկ հաշվապահ Արթուր Արամի Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205 հոդվածի 2-րդ մասով եւ 38-190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ըստ ՊԵԿ-ի նրանց գործողության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 109 միլիոն դրամի վնաս:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 9-ին, ՊԵԿ-ի երկու աշխատակիցներ բերման են ենթարկել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանին: «Ներկա պահին գտնվում եմ ՊԵԿ-ի  քննչական բաժանմունքում: Բայց ինձ բերման են ենթարկել կեղծ ցուցմունքների հիման վրա, որպեսզի ինձ ճնշեն»,-NEWS.am-ին հեռախոսով փոխանցել էր Նարեկ Հարթունյանը, հավելելով, որ իրեն բերման են ենթարկել իր հոր քառասունքի օրը: