Մյունխենում փետրվարի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը չեն մասնակցել Գերմանիայի հայկական մի շարք կազմակերպություններ՝ այդ թվում Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը՝ նշելով, որ չի կարելի համարել, որ Փաշինյանը հանդիպել է հայ համայնքի հետ, քանի որ կարևոր կազմակերպությունները բացակա են եղել։

«Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հայ համայնքի հետ, մեղմ ասած, կեղծիք է։ Այդ հանդիպմանը ո՛չ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդն է մասնակցել՝ իր անդամ միություններով, ո՛չ Գերմանիայի Հայոց թեմը, ո՛չ իրավաբանների միությունը, ո՛չ գործարարների։ Ոչ մի կազմակերպություն այդ հանդիպմանը չի մասնակցել»,–հավելեց նա։

Լուլուկյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը հրավեր չի ստացել, բայց ստանալու դեպքում էլ չէին մասնակցելու։ Պատճառը՝ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ՝ Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանի արած հայտարարությունն է, որ դեռ պետք է հասկանալ ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու։

«Ցյուրիխյան հայտարարությունից հետո բոլորս շոկի մեջ ենք։ Տարբեր երևույթների ենք հանդիպել, բայց սա արդեն բոլոր կարմիր գծերի հատումն էր ու գագաթնակետն էր։ Գերմանիայի հայ համայնքը մի անհասկանալի երևույթի առաջ է կանգնած։ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը և ընդհանրապես Սփյուռքը տասնամյակներ շարունակ պայքարում էր Ցեղասպանության միջազգային ճանաչման համար և ժխտողական քաղաքականության դեմ»,–ասաց նա՝ նշելով, որ իրենք պաշտոնապես հայտարարել են, որ խզում են համագործակցությունը Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ։

Սամվել Լուլուկյանի խոսքով, Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառումները կազմակերպում էին Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Գերմանիայի Հայոց թեմը և Գերմանիայում ՀՀ դեսպանատունը, սակայն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Գերմանիայի հայ համայնքը հրաժարվել է համագործակցել Գերմանիայում ՀՀ դեսպանատան հետ։