Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ մենք կորցրինք Արցախը. բոլորս հասկանում ենք, որ նոր Սահամանդրության մասին խոսելը թուրք–ադրբեջանական տանդեմի հերթական պահանջն է, որին տրվել են օրվա իշխանությունները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության անհրաժեշտության՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Օրվա իշխանությունները փորձում են հաճոյանալ թուրք–ադրբեջանական տանդեմին, և հենց այնտեղ հենարան գտնել իրենց համար»,–հավելեց պատգամավորը։
Դավիթ Գալստյանի խոսքով, իրենց պայքարը միտված է Արցախ վերադարձի իրավունքի հարցը միջազգային օրակարգ տանելուն։
«Քանի չկան բանակցություններ, և չկա ցավոք սրտի, Արցախի անվտանգության երաշխավորի ՀՀ կողմից ինստիտուցիոնալ պահանջ, որպեսզի այդ հարցը մտնի միջազգային հարթակներում օրակարգ, իհարկե այլ դաշտում չի կարող քննարկվել Արցախի հարցը։ Քանի դեռ մենք ունենանք պարտության սիմվոլներ հանդիսացող իշխանություն, որևէ դրական կետ բանակցություններում չի լինելու»,–ասաց նա՝ նշելով, որ ներկայիս իշխանությունները բանակցություններ վարելու փոխարեն հրահանգներ են կատարում միայն:
Անդրադառնալով նրան, որ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանի համար դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջում, պատգամավորն ասաց. «Օրվա իշխանությունները ցանկացած առիթ բաց չեն թողնում իրենց մեղքերը այլ անձանց վրա բարդելու համար։ Սա հերթական նման դատն է։ Ըստ փաստաբանի, նրանց ունեցած միակ փաստը, որ Սարգիս Գալստյանն իբրև թե լրտես է, հայ–թուրքական բառարանն է, որը գտել են, ինչն այդ մարդու մասնագիտությունն է։
Ես իհարկե բացասաբար եմ վերաբերում ճնշումների ներքո կորզած ինքնախոսոտվանական ցուցմունքի հիման վրա մարդուն ազատազրկելուն»,–ասաց Դավիթ Գալստյանը։











