Թե որ ուղղություններով են Ազգային անվտանգության ռազմավարության փոփոխությունները լինելու, դրա մասին այս պահին չենք կարող խոսել, որովհետև հիմնական քննարկումները, որ մենք ունեցել ենք մինչև այս պահը, դա եղել է աշխատակարգի կանոնակարգի մասին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքային հանձնաժողով է ստեղծվելու, որը համակարգելու է ԱԽ քարտուղարը:
«Ազգային անվտանգության ռազմավարության անհրաժեշտություն առաջացել է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ։ Դուք շատ լավ գիտեք, որ նախորդ Ազգային անվտանգության ռազմավարությունը, երբ որ պատրաստվել և հրապարակվել է 2020 թվականի ամռանը, դրանից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի շուրջ: Նաև այդ փոփոխությունների դինամիկան հաշվի առնելով, մենք որոշակի ժամանակ սպասել ենք, և որոշակի հստակեցումներ ունենալով, մենք որոշել ենք Ազգային անվտանգության նոր ռազմավարություն ունենալ»,-ասաց նա:
Հարցին՝ ե՞րբ կսկսվեն այդ աշխատանքները, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Աշխատանքների մեկնարկը կարող ենք համարել տրված, աշխատանքային հանդիպումները շատ շուտով մենք կսկսենք, դրա շուրջ քննարկումները տեղ են ունենում աշխատանքային խմբի համար հարմար ժամկետներ ընտրելու: Ամբողջ գործընթացը հրապարակային են լինելու»:











