Փաշինյանն արդեն որերորդ անգամ ձեռնոց է նետում մեր անկախությանը, ես իմ պատվից ցածր եմ համարում մեկնաբանել այդ հիմարությունները։ Բա չասե՞ս, այ փսլնքոտներ, այսինքն մենք պետականազուրկ ազգի մնացորդնե՞ր ենք։ Սա ծաղր է շարժմանը, հռչակագրին, Սահմանադրությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ նոր Սահմանադրության անհրաժեշտություն կա։ 

«2 մլն մարդ եկավ քվեարկեց ու իր քվեով ստեղծեց իր պետականությունը, դու ո՞վ ես, ո՞վ են քո փսլնքոտները, որ պարտությունը համարում են հաղթանակ, որ Ղարաբաղի կորուստը համարում են պետականության պահպանման միջոց։ Քո ամբողջ ինքնությունը, հերոսությունը, պատմությունը գցում ես աղբանոց միայն նրա համար, որ բարեհաճություն ստանաս քո կեղեքիչ հարևանից։ Ու՞ր է արաժանապատվությունը։ Այսօր մենք գտնվում ենք անարժանապատվության շքերթի մեջ։ Սա աններելի է և անբարոյական»,– ասաց Արամ Մանուկյանը։

Անդրադառնալով իշխանությունների կողմից ներկայացվող հայտարարություններին, թե տեղի ունեցողի պատճառն աշխարհաքաղաքական իրավիճակն է ու դաշնակից երկրների բացակայությունը, Արամ Մանուկյանն ասաց.
«Իսկ 1988 թվականին, 1991–ին ու 1992–ին մենք ուրի՞շ հարևաններ ունեինք, թե՞ ավելի շատ զենք ունեինք։  Երկրներն առաջ են գնում, երբ միասնական են և ունեն ողջախոհ առաջնորդներ, մտավորականներ, էլիտա։ Նա այդ էլիտան ի՞նչ է արել»,-ասաց նա:

Արամ Մանուկյանը նշում է, որ իրենք Ադրբեջանի տարածք չէին ուզում, այլ ուզում էին, որ Ղարաբաղի ժողվուրդը ինքնուրույն ապրի եւ իրագործի իր ինքնորոշման իրավունքը։