Լեհ ռազմական դատախազ Միկոլայ Պշիբիլը լրագրողներին բացատրել է, թե ինչու է հունվարի 9-ին ինքնասպանության փորձ արել:

Պշիբիլի խոսքով, իր դեմ մի քանի անգամ մահափորձ են արել, ընդ որում դա կապված է լեհական բանակում կաշառակերության դեպքերի ուսումնասիրման հետ: Պշիբիլը նաեւ պնդում է, որ գլխագին է սահմանվել իր համար 220 հազար եվրոյի չափով: Գնդապետը որոշել է ինքնասպանության գնալ այն բանից հետո, երբ իրեն սկսել են մեղադրել ի պաշտոնե կատարած հանցագործությունների մեջ, հաղորդում է ՌԱՌ գործակալությունը:

Դատախազի խոսքով, ինքնասպանությունը կանխել է մի մարդ, ով փորձել է մտնել սենյակ: Տեսնելով, որ դռան բռնակը պտտվում է Պշիբիլը շարժվել է, որի հետեւանքով գնդակն անցել է նրա այտի միջով` չվնասելով գլուխը: Միջադեպից հետո, դատախազի սենյակի մոտ գտնվող լրագրողները շտապօգնություն են կանչել: Բժիշկների փոխանցմամբ, նրա կյանքին այլեւս վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Լեհաստանի զինվորական դատախազ, գնդապետ Միկոլայ Պշիբիլը, որը զբաղվում է Սմոլենսկի շրջակայքում Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարի գործի հետաքննությամբ, Պոզնան քաղաքում մամուլի ասուլիսի ընթացքում ինքնասպանության անհաջող փորձ է կատարել: Նա ընդմիջում է հայտարարել, դուրս եկել ասուլիսի սենյակից եւ կրակել իր գլխին: