News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

2011 թվականի դեկտեմբերի 30-ին, բանակում ջրծաղիկից մահացած 18-ամյա Հայկ Խաչատրյանի հարազատները իրենց որդու մահվան մեջ մեղադրում են բժիշկներին, որոնց անտարբերության պատճառով որդին կենդանի չի մնացել:

Հայկը 6 ամիս առաջ է զորակոչվել բանակ եւ մեծ ոգեւորությամբ: Նա Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ էր: Հարազատների փոխանցմամբ՝ տղան իր ծննդյան օրն է վերցրել ուղեգիրը: Ծառայել է մայրաքաղաքի զորամասերից մեկում: Կարճատեւ ծառայության ընթացքում արժանացել է հայոց բանակի գերազանցիկի կոչման:

NEWS am-ի թղթակցի հետ զրույցում Հայկի հայրը նշեց, որ որդին եղել է ամբողջովին առողջ: «Ծառայության 6 ամիսների ընթացքում Հայկը երբեք չի դժգոհել, ավելին միշտ ասում էր, որ յուրաքանչյուր հայ տղայի պարտքն է ծառայել հայոց բանակում»,-ասել է Հայկի տատը՝ Աիդա Ավագյանը:

Հարազատների խոսքով՝ դեպքից օրեր առաջ Հայկ Ավագյանի մոտ առաջացել են գրիպի նախանշաններ: Ծառայակից ընկերները խորհուրդ են տվել նրան դիմել զորամասի բուժկետ, սակայն Հայկը հրաժարվել է, ասելով, թե լուրջ բարդություններ չկան, սակայն հաջորդ օրը տղայի ինքնազգոցողությունը դարձյալ վատացել է, ինչի մասին նա հայտնել է զորամասի հրամատարին:

«Զորամասի հրամանատական կազմի ներկայացուցիչները, Հայկին ստիպել են վազել 10 կիլոմետր, ասել են սուտ ես ասում, «սիմուլյանտություն» ես անում, ինչ է եղել, որ վատ ես»,-փոխանցել է Աիդա Ավագյանը, հավելելով, որ դրանից հետո 18-ամյա տղայի առողջական վիճակն ավելի է վատացել: Նրան տեղափոխել են մայրաքաղաքի զինվորական հոսպիտալ: «Միայն այդ ժամանակ իմացանք, որ երեխան մի քանի օր է՝ գտնվում է հիվանդանոցում եւ որ ջրծաղիկ հիվանդությունը բարդացել է»,-պատմել են հարազատները:

Դեկտեմբերի 29-ին՝ Հայկի մահվանից մեկ օր առաջ, նրա որովայնի շրջանում սկսվել են ուժեղ ցավեր: Հիվանդանոցի բժիշկները հարազատներին բացատրել են, թե մտահոգվելու առիթ չկա, եւ, որ բուժումն արդյունավետ կլինի, սակայն հայրը ստիպել է, որպեսզի որդուն թույլ տան տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ 18-ամյա Հայկ  Խաչատրյանը մահացել է: Մահվան պատճառը հարազատների համոզմամբ՝ զորամասի հրամանատական եւ բուժանձնակազմերի անտարբերությունն է:

Հայկ Խաչատրյանը սովորում էր Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում, ապագա իրավաբան էր: Հայրը` Մովսես Խաչատրյանն աշխատում է Արթիկի ոստիկանությունում, որպես ավագ սպա, սակայն արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել: «Դուրս եմ գալու համակարգից, որ կարողանամ պայքարել, որ բացահայտվեն ու պատժվեն որդուս մահվան մեջ բոլոր մեղավորները»,-նշել է Մովսես Խաչատրյանը:

Հարկ է նշել, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունից ոչ մեկը դեռեւս չի այցելել Խաչատրյանների ընտանիքին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով այն է՝ անփույթ վերաբերմունք ծառայության վերաբերյալ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Թեեւ ներկա պահին կասկածյալներ եւ ձերբակալվածներ չկան, սակայն Հայկի հարազատները համոզված են, իրենց որդու մահվան գլխավոր մեղավորները զինվորական հոսպիտալի 2 բժիշկներն են:

Նշենք, որ զինվորի հարազատները դիմում-նամակ են հասցեագրել երկրի նախագահին ու պաշտպանության նախարարին՝ պահանջելով գործի արդարացի քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել