Սյունիքը Հայաստանի հետագա զարգացման դարպասն է դառնալու։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 29–ին, Սյունիքում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Եթե մենք կարողանում ենք բացել Սյունիքի դարպասները, ես նկատի ունեմ 43 կմ–ի հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ։

Խաղաղության խաչմերուկը շատ լավ է ընկալվում միջազգային հանրության կողմից։ Բոլորի համար շատ գրավիչ ու տեսանելի է։ Շատ մեծ հայտնագործություն չենք արել, բայց այն իրականությունը, որ կա, սեղանին ենք դնում,  նաև պատկերավոր ներկայացնում ենք այդ հնարավորությունները, հասկանում ենք, թե ինչքան կարևոր է այս 43 կմ–ն և Սյունիքը։

Մեր նպատակն է, որ ամենամոտ ժամանակներում խաղաղության համաձայնագիրը ստորագրենք»,– նշել է նախագահը։

Նշենք, որ  Սյունիքի մարզում կայացած խորհրդակցությանը մասնակցել են  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։