News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պատկերացրեք, որ աշխարհի ամենապրոֆեսիոնալ ու լավ մերկապարուհին հայուհի է: Բայց կարելի է արդյոք շոուբիզնեսի այդ յուրահատուկ ոլորտից դուրս գալ, եւ պատշաճ տեղ գրավել իսկական, այսինքն՝ առանց ձողի բեմի վրա: Վերջերս NEWS.am-ն անդրադարձել էր նման փորձ կատարած ուկրաինահայ Վարդանուշ Մարտիրոսյանին (բեմական անունը Varda), ով ցանկանում է, բացի եվրոպական երկրներից, իր շոու ծրագրով այցելել նաեւ Հայաստան: Այժմ մեր ընթերցողին ենք ներկայացնում նաեւ Varda-ի հետ NEWS.am-ի բացառիկ հարցազրույցը:


-- Varda, պատմիր խնդրում եմ, որտե՞ղ ես ծնվել, եւ ինչպե՞ս է ստացվել, որ ապրում ես Ուկրաինայում:

- Ես ծնվել եմ Ուկրաինայում: Հայրս Հայաստանից հեռացել էր մինչեւ ամուսնանալը: Նա կյանքում նոր հեռանկարներ, նոր հնարավորություններ էր փնտրում, եւ կյանքը նրան բերեց Ուկրաինա՝ Կրիվոյ Ռոգ քաղաք: Կրիվոյ Ռոգում էլ նա ծանոթացել է մորս հետ:

- Իսկ ինչպե՞ս սկսեցիր քո կարիերան:

- Մանկուց ես ակտիվ ու ընդունակ եմ եղել: Մենք բազմանդամ ընտանիք ենք, շատ քույրեր եւ եղբայրներ ունեմ: Մայրս չէր հասցնում բոլորիս մեծ ուշադրությամբ հետեւել, այդ պատճառով էլ ինքս էի հաճախում սպորտային, պարի եւ դերասանական վարպետության տարբեր խմբակներ: Մի պարապմունքից «վազում էի» մյուս պարապմունքին, այս ամենից բացի դպրոցը, որտեղ առանց ինձ ոչ մի համերգ կամ միջոցառում չէին անցկացնում: Մի անգամ, ամառային արձակուրդների ժամանակ, որոշեցի ինքս փող աշխատեմ եւ դասագրքերս, հագուստս եւ այլն, ինքս գնեմ ու ծնողներիս օգնեմ: Մեր քաղաքում ռեստորան կար, որտեղ երգչուհու պահանջարկ կար: Սկսեցի երգել ռեստորանում, իսկ հենց ռեստորանի կողքի շենքում գործում էր Կրիվոյ Ռոգում բացված առաջին սթրիփ-ակումբը: Չնայած, որ աղջիկներն այնտեղ չէին մերկանում, այլ պարում էին սթրիփ-պարի ոճով, բայց բոլորը քաղաքում այն կոչում էին սթրիփ-ակումբ: Այդ ակումբն իսկական սենսացիա էր քաղաքում, դահլիճը ամեն օր լի էր, տոմսերը չէին հերիքում: Հիմա այդ պարի ձեւն աշխարհում հայտնի է Pole Dance անունով: Մենք էլ ռեստորանի աշխատակիցներով հետեւում էինք շոու-ծրագրին: Քանի որ մեր աշխատակիցները գիտեին, որ բացի երգելուց, ես զբաղվել եմ նաեւ մարմնամարզությամբ եւ պարով, ապա ինձ վստահեցնում էին, որ ես ավելի լավ կարող եմ պարել, քան այնտեղի պարուհիները: Ես աշնանը որոշեցի փորձել ուժերս, եւ մի համար էի պատրաստել «Օձ աղջիկ» անունով: Այն բոլորին դուր եկավ, ինձ թույլատրեցին ելույթ ունենալ հիմնական ծրագրում, հետո առաջարկեցին, որ մերկապարի ձողի վրա ակրոբատիկ հնարքներով պարեմ: Դե փորձեցի, ստացվեց: Շուտով իմ համարը հայտնի դարձավ: Շատերը գալիս էին տեսնելու «Օձ աղջկան»: Հետո ինձ սկսեցին հրավիրել ավելի հայտնի ակումբներ:

- Իսկ ինչպե՞ս կարողացար մեծ ճանաչում ձեռք բերել:

- Մեր քաղաքում հաջողությունից հետո, որոշեցի մեկնել Ղրիմ: Այնտեղ տարբեր երկրներից ժամանած շատ մարդիկ կան, նաեւ պարուհիներ: Ես հասկացա, որ սթրիփ-պարում բավականին բարձր որակական հատկանիշներ ունեմ: Այդ օրերին լսեցի, որ կազմակերպվում է սթրիփ-պարի Ուկրաինայի առաջնությունը: Ցանկացա մասնակցել՝ միայն ու միայն հաղթելու նպատակով: Սկզբում Կրիվոյ Ռոգում զբաղեցրի առաջին տեղը, հետո հաղթեցի նաեւ Կիեւում կազմակերպված ֆինալում: Ուկրաինայում հաջողությունից հետո մեկնեցի Մոլդովա՝ մասնակցելու սթրիփ-պարի միջազգային մրցույթում, այնտեղ եւս հաղթեցի: Դրանից հետո Ռուսաստանի առաջնությունն էր արդեն, սակայն այն ոչ թե սթրիփ-պարի մրցույթ էր, այլ Pole Dancing-ի  (հայերեն բառացի ձողով պար): Հիմա Pole Dancing-ն արդեն ընդունված սպորտաձեւ է, նույնիսկ չեն բացառում, որ կարող է օլիմպիական սպորտաձեւ ճանաչվի: Այդ ժամանակ Ուկրաինան Pole Dancing-ի միջազգային ֆեդերացիաի անդամ չէր, իսկ Ռուսաստանը անդամ էր: 2008 թվականին Ռուսաստանում կազմակերպվեց Pole Dancing-ի մրցույթը, եւ ես մեկնեցի, բայց չասեցի, որ Ուկրաինացի եմ: Ելույթ ունեցա, որպես Ռուսաստանցի: Հետո, բնականաբար, սկանդալ դարձավ: Ասում էին. «Ռուսաստանի առաջնությունը հաղթել է ուկրաինացի, հայկական անուն ազգանունով, այդ ինչպե՞ս կլինի: Ռուսաստանը աշխարհում պետք է ներկայացնի Ուկրաինայից հայուհի՞ն»: Ճիշտն ասած, շատ վրդովված էի: Ես շատ մեծ եռանդով էի պատրաստվել առաջնությանը, պարապմունքերից այնքան կապտուկներ էին մարմնիս վրա առաջացել, այնքան քերծվածքներ... Նրանք այլ տարբերակ չունեին, ես էի դարձել չեմպիոն: Ես մեկնեցի Հոլանդիա՝ Pole Dancing-ի աշխարհի առաջնությանը ներկայացնելու Ռուսաստանը: Արդյունքում զբաղեցրի առաջին տեղը:

- Իսկ ինչպե՞ս որոշեցիր քեզ փորձես իրական բեմում:

- Ես առաջին անգամ գումար եմ վաստակել հենց երգելով: Այս տարիների ընթացքում անընդհատ երկընտրանքից տանջվում էի, երգեմ, թե շարունակեմ պարել: Ի վերջո հասկացա, որ ինձ համար իդեալական ժանրը մյուզիքլն է: Այդ կերպ ես կարող եմ համատեղել իմ կարողությունները, որոնք տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք են: Մերկապարի իմ ծրագրում միայն ձողափայտի վրա պարելը չէր, այն ներառում էր բեմական նարկայացման տարրեր: Ես նաեւ մշակել էի մի քանի համարներ, որտեղ բացի պարելուց նաեւ երգում էի, եւ ինչ-որ պահ եկավ, որ սկսեցի պարել երգելու համար: Ես դարձել եմ Ուկրաինայում ամենաթանկարժեք պարուհին: Եթե խոսենք շոուբիզնեսի մասին, ապա ես այնքան էլ հեռու չեմ եղել դրանից: Մենք տարբեր միջոցառումների ժամանակ հանդիպում էինք արտիստներին, քանի որ միջոցառումների բովանդակությունը տարբեր է լինում: Ես նաեւ մտերիմ եմ էստրադային երգիչներից շատերի հետ, նրանք մեկ անգամ չէ, որ խնդրել են իրենց պարել սովորեցնել:

- Ամեն դեպքում շոուբիզնեսում լուրջ մրցակցություն կա: Արդյոք ոչ մի անգամ դժվարություններ չես ունեցել, կամ արդյոք արհամարհական ու նախանձով լի վերաբերմունքի չե՞ս հանդիպել:

- Իհարկե, պատահում է: Բայց բանն այն է, որ արտիստները տարաբնույթ են: Ինձ հաճախ են հարցնում, ես պարուհի՞ եմ, թե՞ երգչուհի: Պատասխանում եմ, ես էմոցիաներ պարգեւող արտիստ եմ: Տարբեր արտիստներ կան: Ոմանք մարդկանց ուրախ զգացմունքներ են պարգեւում, ոմանք տխուր, ոմանք էլ հանդիսատեսին էրոտիկ տրամադրություն են պարգեւում: Մենք բոլորս տարբեր ենք: Բայց պատահում է, որ ինչ-որ երգչուհի, ով ձայնի 3,5 դիապազոն օկտավայով զարմացնում ու հիացնում է հանդիսատեսին, ինձ քննադատում է, թե՝ մերկապարուհի ես, եկել ես ուզում ես երգել: Ես նրանց խորհուրդ եմ տալիս, ժամանակ չկորցնել եւ պարել սովորել: Այժմ հանդիսատեսը շատ պահանջկոտ է դարձել: Ոչ-ոք չի ցանկանում բեմի վրա արձանի պես քարացած երգող արտիստ տեսնել, բոլորը շոու են պահանջում: Բոլորն էլ իրենց վրա աշխատալու տեղ ունեն: Ոմանք պետք է վոկալը բարելավվեն, ոմանք՝  խորեոգրաֆիան, ոմանք պլաստիկան ու դերասանական արվեստը:

- Իսկ կինոյում նկարահանվելու մասին մտածե՞լ ես երբեւէ:

- Դա իմ մեծ երազանքն է: Բայց մինչեւ «աշտարակի գագաթ հասնելը, պետք է բոլոր աստիճաններով բարձրանաս»: Ես փորձ ունեմ արդեն, մի քանի ֆիլմերում նկարահանվել եմ էպիզոդիկ դերերում: Ես երազում եմ, թե երբ ինձ մեծ դեր պետք է առաջարկեն: 16-17 տարեկանում երազում էի Կլեոպատրայի դերի մասին:

- Կարող ես բացահայտել Երեւանում կայանալիք շոու-համերգի գաղտնիքը:

-  Շոու ծրագրի բացառիկությունը նրա միջազգայնությունն է: Այն խորեոգրաֆիայի, վոկալի, դերասանական վարպետության կրակոտ խառնուրդ է, ամենը մեկում ենք արել, եւ այս տեսակի շոուներն այսօր մեծ պահանջարկ ունեն: Այս ամենին գումարած շոուն երեք լեզվով է՝ անգլերեն, ռուսերեն եւ հայերեն: Մինչեւ հունվարի վերջ մենք կավարտենք իմ ու Ուկրաինայի հայտնի աստղ Վիտալի Կոզլովսկու համատեղ տեսահոլովակը եւ կներկայացնենք հանդիսատեսին:

- Իսկ Վիտալիի հետ ինչպե՞ս ես ծանոթաաք:

- Կիեվում Բրիթնի Սփիրսի համերգն էր: Ես չէի կարող չգնալ այդ համերգին: Իսկ Վիտալին այնտեղ համատեղ ելույթ էր ունենում: Ես մեքենայով մոտեցա կայանման վայրին, բայց կայանելը պարզվեց շատ բարդ էր: Եվ այնպես ստացվեց, որ փոխանակ կանգնեի մեքենայի կողքին ես պարզապես կայանեցի մեքենան դիմացի մեքենայի մեջ: Իսկ դա Վիտալիի մեքենան էր: Այդպես էլ ծանոթացանք: Պետք է ասեմ, որ նա ինձ հետ շատ մեղմ վարվեց: Փոխարենը, որ գոռգոռա, եւ պահանջի մեքենայի նորոգման գումարը, նա քաղաքավարի ձեւով հարցրեց անունս, պարզեց որ հայուհի եմ, ու հետո խոստովանեց, որ իր արմատներն էլ հայկական են: Վիտալիի տատիկն է հայ: Դե այդպես էլ ծանոթացանք, իսկ ծանոթությունը հետագայում վերածվեց արտիստական դուետի:

- Իսկ ինչո՞ւ ես ցանկանում շոու-ծրագրով Հայաստան այցելել: Նպատակդ միայն Հայաստանում համերգով հանդես գալն է, թե նաեւ կոմերցիոն պատճառներ էլ կան:

- Վերջին անգամ ես Հայաստանում եմ եղել, երբ 5 տարեկան էի: Այդտեղ շատ ազգականներ ունեմ: Ընդհանրապես ազգականներով սփռված ենք ողջ աշխարհով մեկ: Հայաստանից հիշողություններս շատ աղոտ են: Մեզ տարան Էջմիածին, ու այնտեղ հիշում եմ երգեհոնի երաժշտության ձայնը: Այն տպվել է հիշողությանս մեջ... Հայաստանում համերգով հանդես գալս կոմերցիոն նպատակ չունի, այն երեւի կարելի է «հոգու ճիչ» բնութագրել: Մեծ հաճույքով կայցելեմ Հայաստան, կայցելեմ ազգականներիս:

- Ապագայում, ասենք, 10 տարի անց, դու որտե՞ղ եւ ի՞նչ կարգավիճակում ես քեզ պատկերացնում:

- Ծրագրերս շատ են: Ես փորձում եմ նպատակներիս մոտենալ քայլ առ քայլ: 10 տարի անց ես կլինեմ Ուկրաինայի ձողապարի ֆեդերացիայի նախագահը: Ես կլինեմ աշխարհի տարբեր երկրներում բացված Pole Dance-ի մոտ 10 դպրոցների սեփականատեր: Ծրագրում եմ կինոյում նկարահանվել: Եվ ի վերջո կարծում եմ, որ այդ ժամանակ արդեն կլինեմ մայր, կին եւ պարզապես երջանիկ մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ