
Գորիսում Անհայտ կորածների միջազգային օրվան նվիրված « Բացակա, բայց՝ չմոռացված» խորագրով լուսանկարչական ցուցահանդես է բացվել։ Ցուցահանդեսը կազմակերպել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Այս տարվա ցուցահանդեսը նվիրված է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի անհայտ կորածներին։
Բոլոր լուսանկարների լեյտմոտիվներն են՝ խոր կսկիծը, կարոտը և սպասումը։ Յուրաքանչյուր լուսանկարն ուղեկցվում է պատերազմի հնոցում անհայտացած մերձավորի մասին կարճ պատմությամբ։
«Անհայտ կորածների միջազգային օրը հիշեցում է այն ցավի և տառապանքի մասին, որը հարազատները վերապրում են անգամ այն ժամանակ, երբ թնդանոթները լռել են: Հարցը՝ ի՞նչ է պատահել թանկագին մարդու հետ, չի կարող անպատասխան մնալ, և կենսականորեն անհրաժեշտ է, որ ընտանիքներն իմանան այդ պատասխանը՝ կյանքի վերադառնալ կարողանալու համար»,- ընդգծում է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնա Մարեն:
«Դա նրանց իրավունքն է, և այն ամրագրված է նաև Միջազգային մարդասիրական իրավունքում: Այն հակամարտության կողմերին պարտավորեցնում է շարունակել որոնումները և փնտրել այդ հարցի պատասխանը: Գործընթացը կարող է տևական, բարդ և զգայուն լինել: Սակայն այդ բոլոր դժվարությունները սպասելու ամենօրյա տառապանքի հետ համեմատելի չեն»,- ընդգծել է պատվիրակության ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով անհայտ կորածների ընտանիքներին ցուցահանդեսի նախապատրաստման գործում իրենց ակտիվ համատեղ աշխատանքի և վստահության համար: Խոնարհվում եմ Ձեր տոկունության և քաջության առջև»,- եզրափակեց պատվիրակության ղեկավարը։
Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Կարմիր Խաչին անհայտ կորածների ընտանիքների խնդիրների նկատմամբ մշտական ուշադրության և մարզերում տարբեր ծրագրերի իրականացման համար։ Իրենց հերթին, մարզային վարչակազմերը ևս պատրաստ են ուժերի ներածին չափով օգնություն տրամադրել ընտանիքներին։
Կարմիր Խաչի կոմիտեի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում՝ 1992 թվականից մինչև մեր օրերը, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից մոտ հազար մարդ անհայտ կորած է համարվում։