News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Վաղ առավոտից Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջ մարդիկ ծաղիկներ էին տեղադրում` դրանով իրենց շնորհակալությունը հայտնելով երեկ` հունվարի 23-ին, Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առթիվ: Այս մասին հայտնեց NEWS.am-ի թղթակիցը: Իրենց երախտիքը հայտնելու էին եկել բազմաթիվ երիտասարդներ, այդ թվում` ՀՀԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչները, «Միասին» երիտասարդական շարժման անդամները:

Ներկաները ֆրանսերենով վանկարկում էին «մերսի» բառը, ինչպես նաեւ պաստառների վրա գրված էին «Կեցցե Ֆրանսիան», «Շնորհակալ ենք Ֆրանսիային», «Ֆրանսիան մեր բարեկամն է» եւ այլ արտահայտություններ: Ծածանվում էին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դրոշները:

Հավաքվածները դեսպանատան փոստարկղ էին գցում նամակներ, որոնցում անհատական շնորհակալություն էին հայտնում Ֆրանսիային: ՀՀԿ-ական երիտասարդները մոմեր էին վառել:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Անրի Ռենոն դուրս եկավ հավաքվածների մոտ, նրան ընդառաջ եկավ սեւազգեստ մի տարեց կին, որն արցունքներն աչքերին` շնորհակալություն հայտնեց եւ գրկախառնվեց դեսպանի հետ: Անրի Ռենոն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց հավաքվածներին նման ուշադրության համար եւ պատմական ակնարկ ներկայացրեց օրինագծի անցած ճանապարհի վերաբերյալ:

Դեսպանի գալն ու հեռանալը ուղեկցվում էին շնորհակալական խոսքերով: Քիչ անց հավաքվածներին միացավ նաեւ ՀՅԴ-ի երիտասարդական թեւը, որոնք նույնպես շնորհակալական խոսք հայտնեցին Ֆրանսիային` շեշտելով օրինագծի ընդունման գործում Հայ դատի ներդրումը: Երիտասարդ դաշնակցականները իրենց հետ բերել էին ոչ միայն իրենց կուսակցության, Հայաստանի դրոշները, այլեւ Ֆրանսիայի դրոշը եւ օրինագծի հեղինակ Վալերի Բուայեի լուսանկարը: Հավաքավածները շեշտեցին, որ նման միջոցառումները ցույց են տալիս աշխարհին, որ մենք միասնական ենք ցեղասպանության ճանաչման գործում եւ սա կարող է ազդակ լինել մյուս երկրներին` ընդունելու Ցեղասպանությունը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը մոտ ութ ժամ տեւած ծանր քննարկումներից հետո 127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել էր օրինագիծը: Ըստ կանոնակարգի՝ Ֆրանսիայի նախագահը 15-օրյա ժամկետում կհաստատի այն: Նա իրավունք ունի նշված ժամկետում նաեւ խնդրել խորհրդարանին վերանայել օրենքը, կամ դրա առանձին կետեր: Օրենքի նախագիծը ներկայացրել էր իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության անդամ Վալերի Բուայեն: Նրա ներկայացրած օրինագիծը պաշտպանել էին Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների մեծ մասը: Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք 45 հազար եվրո, եւ մեկ տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ Ֆրանսիան օրենքով ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը: Թուրքիան մինչեւ օրինագծի քննարկումը բազմաթիվ սպառնալիքներ էր տեղացել Ֆրանսիայի հասցեին, իսկ Ֆրանսիայում ապրող թուրքերի հիմնական թիրախը դարձել էր օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն, ում սպառնացել էին սպանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ