News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հունվարի 22-ին կայացած «Miss Grandma Universe-2012» գեղեցկության, տաղանդի միջազգային մրցույթ-փառատոնում առաջին տեղը գրաված Հայաստանը ներկայացնող 51-ամյա Լուիզա Աղաջանյանը դեռ Թբիլիսիում է եւ Հայաստան կվերադառնա 3-4 օրից: NEWS.am-ին հաջողվել է կապ հաստատել Լուիզա Աղաջանյանի հետ եւ մի շարք ուշագրավ մանրամասներ ճշտել մրցույթի, նրա հաղթանակի եւ առհասարակ 51-ամյա ալավերդցի կնոջ կյանքի մասին:

Ներկայացնում ենք NEWS.am-ի հարցազրույցը Լուիզա Աղաջանյանի հետ:

Երբեւէ մտածո՞ւմ էիք, որ կհաղթեք տատիկների գեղեցկության մրցույթում: Մինչ այս գեղեցկության մրցույթներում հաղթանակներ ունեցե՞լ եք:

Ես մասնակցել եմ գեղեցկության մրցույթների եւ հաղթել եմ: Մանկուց միշտ բեմում եմ եղել, պարի, երգի, թատրոնի խմբակներ եմ հաճախել, միշտ արժանացել եմ ժողովրդի համակրանքին: Երազել եմ դերասանուհի դառնալ, բայց չգիտեմ, բարեբախտաբար, թե ցավոք, շուտ եմ ամուսնացել եւ երազանքս չի կատարվել: Թատերական ինստիտուտում բարձր թվանշաններով եմ սովորել, բայց շատ արագ ամուսնացա, ունեցա երեխաներ, եւ այդպես 33 տարի բեմում եմ` երեխաների հետ, եւ պարուսույց, եւ թատերական խմբի ղեկավար եմ եղել, ղեկավարել եմ Մանկական թատրոնը. պարի խմբակներ: Այժմ Լոռիի եւ Տավուշի մարզերի Միսս եւ Միստր գեղեցկության, թոփ-մոդել գեղեցկության մրցույթների ղեկավարն եմ, նաեւ Հունաստանում եմ գեղեցկության մրցույթներ կազմակերպել:

Մեծ համարձակություն է մասնակցել այսպիսի մրցույթների, այն էլ` այս տարիքում: Ինչպե՞ս որոշեցիք եւ ինչքա՞ն ժամանակում պատրաստվեցիք: Ինչպես շատ գեղեցկուհիներ` դուք էլ եք չարչարվո՞ւմ ձեր գեղեցկությունը պահպանելու վրա:

Անկեղծ ասած` ես հավատում էի հաղթանակին արդարություն լինելու պարագայում, ու շատ գոհ եմ, որ այնտեղ արդարություն էր: Թեեւ ինձ համար այդքան էլ կարեւոր չէր հաղթանակը, կարեւորն այս գեղեցիկ միջոցառմանը մասնակցելն էր, հայ ազգին այս միջազգային մրցույթում լավ ներկայացնելը, պայմանագրեր կնքելը, որպեսզի մեր գեղեցկուհիներին հնարավորություն ընձեռվեր մասնակցել այդ երկրում կազմակերպված մրցույթներին: Երբ պարոն Խաչատրյանը (նկատի ունի Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի, Միսս եւ միստր աշխարհ միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանին-NEWS.am) ինձ առաջարկեց մասնակցել, մի փոքր խուճապի մատնվեցի: Ի սկզբանե ասացի, որ բացառվում է լողագեստներով ներկայանամ, ոչ թե մարմնիս տգեղության պատճառով, շատ գեղեցիկ է, այլ ուղղակի այդ տարիքում մի քիչ նեղվում եմ էլի:

Պարոն Խաչատրյանն ինձ երկար համոզեց, ասաց, որ առաջին հայ կինն եմ, հայ կնոջ կերպարը պետք է ներկայացնեմ, զարմացնեմ աշխարհին: Կարելի է ասել` ոչ մի օր չեմ պատրաստվել մրցույթին, վերջին պահին մտածում էի` չգնալ: Օդանավակայան գնալուց կես ժամ շուտ վերցրել եմ հագուստս ու մեկնել: Ես կյանքում դիետաներ չեմ սիրել պահել, ունեցել եմ ուրույն կշիռ, պարզապես 33 տարի` բեմում եմ, պարում եմ, առավոտյան կես ժամ պարտադիր պետք է զբաղվեմ պարով, մարմնամարզությամբ, ուրիշ ոչ մի բան չի եղել, ոչ մի դեղորայք, ոչ մի կոսմետիկ եւ վիրահատական միջոցներ, ամեն ինչ բնական է: Նույնիսկ իմ երեկոյան զգեստի դիզայները ես եմ, իմ զգեստները ես եմ ընտրում, երաժշտությունները, պարերը եւս ես եմ ընտրում:

Կպատմե՞ք մրցույթի մասին, ի՞նչ մթնոլորտ էր տիրում, մրցակցությունը ինչպիսի՞ն էր:

Առաջին փուլում ոճաբան Գեւորգ Շադոյանի հեղինակած զգեստն եմ կրել, երկրորդ փուլում պետք է պատրաստեինք ուտեստներ, ես պատրաստեցի հայկական տոլմա, սպաս եւ այլն: Իսկ երրորդ փուլում պարեցինք, ես պարեցի ժամանակակից պարեր, այդ թվում` լատինամերիկյան, այնուհետեւ պարեցի Ջիվան Գասպարյանի երաժշտության ներքո: Շատ գեղեցիկ բեմականացում էր. սկզբում հայ կինը երիտասարդ տարիքում է, այնուհետեւ` մի փոքր ծերացել էր, ակնոցով էր, թոռնիկի հետ, երեխայի բարուրը ձեռքին` պարեցի  հայկական պար, բուռն ծափերի արժանացա, բարձր մակարդակի մասսա էր հավաքված: Նույնիսկ հայերենով արտասանեցի «Ես իմ անուշ Հայաստանին», չէին հասկանում, բայց բուռն ծափերի արժանացա: Իսկ մասնակիցները աշխարհի տարբեր երկրներից էին, 300 մասնակիցներից մնացել էին 25-ը եւ երրորդ փուլին մնացինք 15 հոգի:

Պայքարը գնում էր իմ, Շվեդիայի եւ Լատվիայի մասնակիցների միջեւ: Շատ ջերմ մթնոլորտ էր, ոչ մի խանդ, նախանձ չկար, բոլորս ուրախ էինք, բոլորս երջանիկ էինք:

Ի՞նչ զգացիք, երբ հայտարարեցին հաղթողի անունը, երբ գեղեցկուհու թագը դրեցին ձեր գլխին: Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը եւ ո՞րն էր ձեր հաղթանակի գաղտնիքը:

Ես մտածում էի Լատվիայի անունը կհնչի առաջինը, բայց երբ ասաց «Արմենիա», այնքան անակնկալ էր, որ շփոթվել էի: Նորից հնչեց «Արմենիա», սառել էի տեղում, անակնկալի էի եկել: Ես մտածում էի, թե երազում եմ: Թագը դնելը արտառոց չէր ինձ համար, այնքան շատ եմ այդ թագերից դրել իմ գեղեցկուհիների գլխին: Այդ պահին չզգացի` ինչ է կատարվում: Ինձ օգնեց հաղթել տարիներով բեմում լինելու իմ ինքնավստահությունը, կոմպլեքսներ չունենալու զգացումը, վստահությունը իմ ներքնաշխարհի եւ արտաքինի վերաբերյալ, այն հոգեկան ապրումները, որ ես հայուհի եմ ու պիտի հաղթեմ: Երբ կինն ապրում է կես դար, նրա մոտ մայրամուտ է սկսվում, այս մրցույթը ինձ հոգեւոր սնունդ տվեց:

Ո՞վ շնորհավորեց ձեզ եւ ի՞նչ նվերներ եք ստացել:

Առաջինը շնորհավորեց պարոն Խաչատրյանը, անչափ շնորհակալ եմ նրան` ինձ օգնելու, սատարելու համար: Այնուհետեւ աղջիկներս, ընկերուհիներս, բոլորը: Ժյուրիի անդամները մեծամասամբ կանայք էին, մրցույթից հետո մոտեցան ինձ եւ ասացին, որ Դուք շատ գեղեցիկ, հմայիչ եւ տաղանդավոր կին եք: Սոֆիայի քաղաքապետը եւս կին էր: Մոտեցան համբուրեցին, հրավերքներ առաջարկեցին: Հաղթողներից միայն ես եմ 7-օրյա անվճար ուղեգիր ստացել «Զոլոտիե պեսկի»: Դրանից բացի` ստացել եմ ֆրանսիական դիմահարդարման պարագաներ` քսուքներ, օծանելիք, մարգարտյա վզնոցներ, ականջօղեր եւ այլն:

Կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին: Ձեր հարազատները ինչպե՞ս արձագանքեցին ձեր մասնակցությանը:

Երեք երեխա ունեմ, երկու աղջիկ եւ մեկ տղա, մի աղջիկս ամուսնացած է եւ ունի երկու երեխա: Մեկը պարուսույց է, մյուսը` դաշնակահար, տղաս ֆուտբոլիստ է: Աղջիկներս, մայրս, ովքեր Հունաստանում են ապրում, ընկերուհիներս, բարեկաներս բոլորը միմիայն դրական արձագանքեցին իմ մասնակցությանը, ոգեւորեցին ինձ ու սկսեցին համոզել: Ընտանիքում տղաս դեմ էր այդ մրցույթին, դե պարզ է, որ Հայաստանի պայմաններում, մայրը գնում է գեղեցկության մրցույթին, մեր հայ տղաներից գրեթե բոլորը դեմ կլինեն:

Ինչպիսի՞ն է ձեր կյանքը, ուրիշ ի՞նչ հետաքրքրություններ ունեք:

Ես շատ եմ սիրում երեխաներին, իմ անձնական միջոցներով բարեգործություններ եմ անուն: 4 տարի առաջ եղա Հունաստանում եւ Սալոնիկ քաղաքում կազմակերպեցի Միսս եւ Միստր բարեգործական մրցույթ: Օրինակ` ամռանը պետք է այցելեմ մանկատուն եւ նվերներ հանձնեմ մոտ 80 երեխաների: Ես նույնիսկ բիզնեսով եմ զբաղվում, Լոռիիում ունեմ սեփական սրճարան` Դեբետի ափին, խանութ, բայց չնայած դրա` ես ինձ չեմ համարում բիզնեսմեն կին, որովհետեւ հոգեպես արվեստին նվիրված կին եմ, ռոմանտիկ կին եմ, բիզնեսը չեմ էլ սիրում:

Հայաստան վերադառնալուն պես առաջինը ի՞նչ եք անելու: Նորից կմասնակցե՞ք այդ մրցույթին:

Ցանկանում եմ բարեգործական մրցույթներ կազմակերպել, առաջինը կլինի Լոռիիում, այնուհետեւ այլ վայրերում: Ամռանը այստեղ «Միսս եւ Միստր գեղեցկության» մրցույթում հաղթած երեխաները մեզ հետ կմեկնեն Սոֆիա` մասնակցելու այնտեղի մրցույթին Երեւի մտերիմներով կնշենք հաղթանակս: Նորից կմասնակցեմ այս մրցույթին, եթե ուրիշ երկրներում հրավերներ լինի, բայց Բուլղարիայում` ոչ, նույն երկրում արդեն չարժե:

Զրուցեց` Ինգա Մարտինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ