News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


NEWS.am-ը զրուցել է «Միսս Քալիֆորնիա-2012» գեղեցկության մրցույթի մասնակիցներից մեկի՝ հայազգի Վիոլետ Քանյանի հետ, ով ամենեւին չի վհատվել, որ մրցույթում մրցանակային տեղ չի զբաղեցրել։ Նրա խոսքով, ինքը շարունակում է զբաղվել լրագրությամբ եւ լուսաբանել հոլիվուդյան աստղերի ու դերասանների մասին լուրերը։ 26-ամյա Վիոլետի համար մրցույթը պարզապես փորձառության «դպրոց էր», ոչ ավելին։ Նա վստահ է, որ առաջիկայում ինքնադրսեւորման ավելի լավ հնարավորություններ կունենա:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։

Ի՞նչ ես այժմ զգում, երբ մրցույթին մասնակցելուց հետո պարտվեցիր։

Չհաղթելու պատճառով բացարձակապես մտահոգված չեմ։ Ես մրցույթին մասնակցել եմ միայն փորձառության ու նոր տպավորությունների համար։ Եթե հաղթեի, ապա դա իհարկե հիանալի կլիներ, բայց դա իմ գլխավոր նպատակը չէր։ Ժյուրին շատ մանրուքների է ուշադրություն դարձնում, եւ անհնար է նախապես պատկերացնել, թե դու այդ որակներն ունես, թե՝ ոչ։ Համենայն դեպս, ես արեցի այն ամենը, ինչ ինձնից պահանջվում էր, եւ արդյունքը եղավ այնպիսին, ինչպես Աստված ցանկացավ։ Ընդհանրապես ես հավատում եմ, որ ամեն ինչ կյանքում պատահում է ինչ-որ պատճառով, այնպես որ, ես վստահ եմ, որ առաջիկայում ինձ ավելի մեծ հնարավորություններ են սպասում։

Ինչպե՞ս համակերպվեցիր պարտությանը:

Պարտությունը շատ հետաքրքիր բառ է։ Ես չեմ կարծում, որ երբեւէ պարտվել եմ, որպեսզի ինձ համար պարզ լիներ, թե ինչպես կարելի է համակերպվել պարտության հետ։ Ինձ համար պարտությունն այն կլիներ, եթե ես ոչինչ չանեի հաղթելու համար։ Իսկ ես այդ մրցույթում ինձնից պահանջված ամեն ինչ արել եմ։

Հարցազրույցներից մեկում, դու նշել էիր, որ քեզ համար մրցույթում ամենասարսափելի պահը բիկինիով բեմում հանդես գալն էր։ Բայց արդյոք, երբ լողափ ես գնում, քեզ այնտեղ ավելի շատ մարդ չի՞ տեսնում նույն բիկինիով, հետեւաբար ի՞նչն էր «սարսափելի»։

(Ծիծաղում է) Լավ հարց էր։ Անկեղծ ասած, ես լողափում սովորաբար շորտեր եւ տոպիկ եմ կրում, բացի դրանից, տանել չեմ կարողանում ավազը։ Իսկ տարբերությունն այն է, որ բեմում ժյուրին գնահատում էր իմ բոլոր շարժումները, մարմնիս բոլոր հատվածները, հայացքս։ Բացի դրանից, պետք չէ մոռանալ, որ ներկա էր հանդիսատես, իսկ այս մրցույթի տեսաձայնագրության դիտումը ինտերնետում ռեկորդ էր սահմանել։ Այնպես որ, սա իսկապես տարբերվում էր լողափում զբոսնելուց, որտեղ բոլորը բիկինի են կրում, եւ իրականում որեւէ մեկն ուշադրություն էլ չի դարձնում մարմնիդ գեղեցկությանը։

Կարո՞ղ ես հիշել մրցույթում ինչ-որ պահ, որը մասնակիցների համար շատ ծիծաղելի էր։

Մրցույթի ժամանակ թե’ բեմում, թե’ կուլիսներում, իսկապես շատ զավեշտալի պահեր լինում էին։ Օրինակ՝ կազմակերպիչները ստիպված մի ամբողջ պարային համար ձեւափոխեցին, քանի որ մասնակից աղջիկներից շատերը չկարողացան այն իրականացնել։ Չեմ կարծում, որ որեւէ մեկը նկատեց փոփոխությունը, բայց դա իսկապես շատ ծիծաղելի էր։ Ես ու ընկերուհիներս կատակում էինք դրա շուրջ, բայց կատակները հաստատ չեմ մանրամասնի հարցազրույցի շրջանակում։

Քո կարծիքով, ո՞վ էր մրցույթի ամենասեքսուալ մասնակիցը։ Եթե դու լինեիր ժյուրիի անդամ, ո՞ւմ կտայիր քո ձայնը։

(Կրկին ծիծաղում է) Թույն հարց ես տալիս։ Լավ։ Մրցույթում իսկապես շատ էին գեղեցիկ ու «քաղցրիկ» աղջիկները։ Շատ դժվար է պատասխանել հարցին ու վստահ չեմ, որ կարող էի ձայնս տալ հենց մեկին։

Մրցույթին մասնակցությունը քեզ համար ինչպե՞ս ընթացավ։ Դու այնտեղ քեզ ազա՞տ էիր զգում եւ վայելում մասնակցությունը, թե՞ այն ծանր, լարված աշխատանք էր։

Նման մրցույթներին մասնակցելը շատ մեծ փորձ է։ Ես ամբողջ մրցույթի ընթացքում ինձ շատ ազատ էի զգում։ Միայն մեկ անգամ իսկապես հուզվել էի, երբ չհասցրեցի եզրափակիչի ժամանակ բեմ դուրս գալուց առաջ մազերս ինչպես հարկն է հարդարել։ Տրամադրությունս շատ էր ընկել։ Բայց հիմա, երբ ամեն ինչ վերջացել է, ո՞վ է դրա մասին մտածում։ Բացի դրանից, ես խիստ կասկածում եմ, որ ինչ-որ մեկը նայել է իմ մազերին, ու մտքում ասել. «Օ՛ ոչ, ինչ սարսափելի է, այս աղջիկը մազերը ճիշտ չի հարդարել»։

Մրցույթին մասնակցելուց հետո քեզ համակրողների (տղաների) թիվն արդյոք ավելացե՞լ է։

(Հարցը երեւի անակնկալ էր, ինչի պատճառով նա կրկին ծիծաղեց, հետո պատասխանեց) Համակիրներս իսկապես շատացել են։ Փողոցում պատահական անցորդները, մարդիկ սրճարաններում ինձ մոտենում են, ու ասում են, որ հետեւել են մրցույթին ու ինձ էին երկրպագում։ Դա իսկապես շատ հաճելի է։ Երբեմն ես չեմ կարողանում հուզմունքս թաքցնել, երբ տեսնում եմ, թե որքան շատ են երկրպագուներս։ Ես երբեք չէի կարող մտածել, որ ամբողջ համայնքը կարող է միավորվել, որպեսզի երկրպագի մրցույթի ինչ-որ մասնակցի։ (Ծիծաղով շարունակում է) Իսկ սիրո խոստովանությունների եւ նոր երկրպագուների մասով դեռ նորություններ չկան։

Հիշեցնենք, որ Վիոլետ Քանյանը «Միսս Կալիֆորնիա-2012» մրցույթում ներկայացնում էր հայաշատ Գլենդեյլ քաղաքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ