News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 02
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` փետրվարի 14-ին, շարունակվել է բանակում պայմանագրային զինծառայող 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական նիստը:

Առանցքային վկա Արման Մնացականյանը այս անգամ եւս չէր ներկայացել դատին: Նիստը նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակել է Արմավիրի մարզի Վաղարշապատի ոստիկանության կողմից տրամադրված այն տեղեկանքը, համաձայն որի, Արման Մնացականյանը գտնվում է անկողնային հիվանդ վիճակում եւ չի կարող մասնակցել դատավարությանը:

Այնուհետեւ ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի շահերի պաշտպան Հրանտ Գեւորգյանը հայտարարել է, որ ինքը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում, քանի որ դատարանն անաչառ չէ: Միջնորդությանը միացել է երեք ամբաստանյալների պաշտպան Ալվարդ Մնացականյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը։ Մնացականյանը հայտարարել է, որ դատարանը կանխակալ վերաբերմունք է դրսեւորում, մասնավորապես՝ առանցքային վկայի հարցաքննությունը դեռեւս չավարտած, որոշում է որպես հիմք ընդունել նրա նախաքննական ցուցմունքները:

Մեղադրող կողմը՝ զինվորական դատախազներ Հարություն Հարությունյանը եւ Հայկ Հարոյանը, դեմ են արտահայտվել ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությանը:

Դատարանը մերժել է ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը` անհիմն լինելու պատճառաբանությամբ, ինչից հետո տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանը լքել են դատարանի դահլիճը:

Նիստի ավարտին հրապարակվել են վկա Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքները:

Հերթական դատական նիստը կկայանա մեկ շաբաթ անց, հաղորդում է «Ազատությունը»:

Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի վերջին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում: Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության պաշտոնական վարկածով նա ինքնասպան է եղել, իսկ գործով մեղադրանք է առաջադրվել Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցների՝ նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանին, շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին եւ Հարութիկ Կիրակոսյանին: Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը:

Արտակ Նազարյանի հարազատները եւ իրավապաշտպանները վստահ են, որ երիտասարդ լեյտենանտին սպանել են, իսկ համապատասխան կառույցները կոծկում են այդ փաստը:

 

Տպել