News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կողմից այսօր` փետրվարի 21-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ, քննարկվել է ՔՀԾ կողմից ՀՀ ԱԺ նախագահին ուղարկված գրությունը, որը վերաբերում է ուրիշի փոխարեն քվեարկած ՀՀԿ-ական պատգամավորներին պատասխանատվության կանչելու խնդրին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկման ժամանակ արձանագրվել է, որ գրության մեջ հիշատակված հարցերը կանոնակարգված են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ  օրենքի 45-րդ, 56-րդ եւ 61-րդ հոդվածներով: Մասնավորապես, 56-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված է, որ պատգամավորը կարող է նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթով առաջարկել վերականգնել քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա եւ կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին:  Հիշատակված նիստում` քվեարկության ժամանակ, պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, վարման կարգով ելույթ ունենալով, նշել է մեկ պատգամավորի անուն, ասելով, որ նա քվեարկել է ուրիշի փոխարեն, սակայն չի առաջարկել վերականգնել քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա: Նիստը վարողը, հաշվի առնելով քվեարկության արդյունքները, եւ այն, որ հիշատակված դեպքը էականորեն չի ազդում քվեարկության արդյունքների վրա, վերաքվեարկություն չի հայտարարել:

Ինչ վերաբերում է նիստի ընթացքում պատգամավորների կողմից թույլ տրված կանոնակարգային խախտումների մասին հիշատակումներին, փաստ է, որ բացի վերոհիշյալ դեպքից, կոնկրետ այլ պատգամավորների անուններ որեւէ պատգամավորի կողմից չեն հնչեցվել: Ուստի, նիստը վարողը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ չի կիրառել` հորդորելով պատգամավորներին ուրիշի փոխարեն չքվեարկել:

Խորհրդակցության ընթացքում, կարեւորելով նման դեպքերի բացառումը, նշվեց, որ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի փոփոխության արդյունքում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողովի գործառույթներում ներառված են նաեւ պատգամավորի վարքագծի կանոններին առնչվող հարցերը,  գործուն մեխանիզմներ են նախատեսված քննարկվող բացասական երեւույթները կանխելու համար:

Քննարկման արդյունքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը որոշեց դիմել ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին` կոչ անելով աշխատանք տանել հետայսու համանման երեւույթները բացառելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողով է ուղարկել փետրվարի 9-ին խորհրդարանում ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորներ Արա Բաբլոյանին, Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին եւ Արեգ Ղուկասյանին պատասխանատվության ենթարկելու մասին «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի» նախագահ Ռուբեն Թորոսյանի հաղորդումը: Ռուբեն Թորոսյանը փետրվարի 11-ին Հատուկ քննչական ծառայությանը ներկայացրած հաղորդման մեջ գրել էր, թե Ազգային ժողովի խոսնակ Սամվել Նիկոյանը եւ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, խախտելով Ազգային ժողովի կանոնակարգը, կարգապահական որեւէ միջոց չեն ձեռնարկել, ըստ Թորոսյանի, կարգազանց պատգամավորների նկատմամբ:

Ի դեպ, Ռուբեն Թորոսյանը նշել է, որ այսօր եւս մեկ հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, որտեղ նշված է, թե մամուլի հրապարակումներում հայտնաբերել է եւս չորս պատգամավորի անուն, որոնք նույնպես փետրվարի 9-ին քվեարկել են ուրիշի փոխարեն: Այդ պատգամավորներն են` Ռազմիկ Զոհրաբյանը, Համլետ  Հարությունյանը, Ռաֆիկ Գրիգորյանը եւ Միշա  Ստեփանյանը: Ռուբեն Թորոսյանը կից ներկայացրել է նաեւ ուրիշի փոխարեն քվեարկությունների տեսագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ