News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը հերքել է ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատարանում արած հայտարարությունը, թե նախկին ոստիկանապետն է գործ սարքել իր վրա:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ալիկ Սարգսյանն ասել է, թե  Մարգար Օհանյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը եւ  ինքը երբեւէ Մարգար Օհանյանին չի հետապնդել:

«Իմ կարծիքով ինքը անարդարացի է, եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է անում, բայց ես ըմբռնումով եմ մոտենում», - ասել է Ալիկ Սարգսյանը եւ հավելել. «Որեւիցե էդպիսի խնդիր ես չեմ կարողանում հիշեմ ու մտաբերեմ, որ որեւիցե հետապնդում ես նրա նկատմամբ իրականացրել եմ»:

Օհանյանը նաեւ նշել էր, թե Սարգսյանն ասել է` թող գա, ընկնի իր ոտքերը, որպեսզի ների նրան: «Ես էդպիսի բան երբեք չեմ ասել եւ չեմ էլ ակնարկել: Նրա ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում: Ես նրա հետ որեւիցե անգամ խնդիր չեմ ունեցել: Ամբողջ համակարգը այդ մասին գիտի»,- նշել է Ալիկ Սարգսյանը:

Ճի՞շտ է, որ դուք նրա հեռախոսազանգերին չեք պատասխանել, հարցին նախկին ոստիկանապետը պատասխանել է. «Նման բան երբեք չի եղել, նա ընդամենը մի անգամ է ինձ զանգահարել գործով որեւիցե բան զեկուցելու` խոսել է իմ աշխատակիցների հետ: Ընդամենը մեկ անգամ, ուրիշ հեռախոսազանգ ես չեմ հիշում եւ երբեւէ չի եղել: Որեւէ դեպք չի եղել, որ մեկի զանգին չպատասխանեմ, այն էլ իմ աշխատակիցների, իմ գործընկերների, որոնց հետ ամեն օր կապի մեջ եմ եղել»:

Հարցին, թե կցանկանար արդյոք Մարգար Օհանյանին տեսնել ազատության մեջ, փոխվեր նրա խափանման միջոցը, Ալիկ Սարգսյանը պատասխանել է. «Ես այս ամեն ինչից հետո ոչ մի բան այլեւս չեմ ուզում: Օրենքը կորոշի, ինքն էլ թող օրենքի առաջ պատասխան տա: Ես որեւիցե բան չունեմ ասելու, արդեն նույնիսկ մարդկային, էմոցիոնալ որեւիցե բան եւս չեմ ուզում ասել»:

Նշենք, որ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարգար Օհանյանն ասել էր, թե իր դեմ ուղղակի հաշվեհարդար է իրականացվել, իսկ այդ հաշվեհարդարը սկսվել է այն բանից հետո, երբ խնդիրներ են ծագել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ:

Մարգար Օհանյանը մեղադրվում է ՃՈ-ին հատկացված բենզինից 557 հազար լիտր յուրացնելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ