News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ, այսօր` հունվարի 21-ին, Մայրենի լեզվի օրվա առթիվ եւ հայոց լեզվի պահպանման գործում ունեցած ներդրման համար Երեւանի եւ մարզերի դպրոցների հայոց լեզվի եւ գրականության մի խումբ ուսուցիչներ պարգեւատրվել են:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սամվել Նիկոյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրել է ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանին եւ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանին, ՀՀ ԱԺ պատվոգրով` հանդիպմանը ներկա ուսուցիչներին:

Շնորհավորելով մանկավարժներին` Սամվել Նիկոյանն ասել է. «1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր: 2005 թվականից այն ընդգրկվեց նաեւ մեր պետական տոնացույցում:

Մայրենի լեզուն ու գրականությունն ուսուցանողներն  այն արյունատար երակն են, որի միջով մեզ հասած մեր լեզուն շարունակում է իր հավերժական շրջանառությունը` երաշխավորելով ու ապահովելով հայ ժողովրդի երթն ապագայի տեսլականում: Ընդունեք, խնդրեմ ձեզ հանձնված պարգեւները իբրեւ ձեր անգնահատելի աշխատանքի համեստ գնահատական»:

ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին պարգեւի համար` ընդգծելով, որ այն ավելի է պարտավորեցնում հետեւողական լինել, զարգացնել հայոց լեզուն` դրանով նպաստելով մեր երկրի ամրապնդմանը: Երեւանի թիվ 24 հիմնական դպրոցի ուսուցչուհի Աիդա Իսրայելյանի կարծիքով` ազգի ապագան ոչ միայն մայրերի, այլեւ ուսուցիչների եւ առաջին հերթին մայրենի լեզվի ուսուցիչների ձեռքերում է նաեւ: Նա երախտիքի խոսք ասաց ԱԺ նախագահին մայրենիի օրը իրենց գնահատելու համար, ինչը, ըստ տիկին Իսրայելյանի, կրկնակի պատիվ է:

ՀՀ ԱԺ նախագահի պատվոգրով պարգեւատրվել են Երեւանի թիվ 24 հիմնական դպրոցի ուսուցչուհի Աիդա Իսրայելյանը, Երեւանի թիվ 83 ավագ դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Ջուհարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Կարինե Մովսիսյանը, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճընի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Կարինե Եղիշյանը, ՀՀ Շիրակի Մարզի Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի ուսուցչուհի Քնարիկ Հարոյանը, ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գայանե Պարոնյանը, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի ավագ դպրոցի ուսուցչուհի Գայանե Անդրեասյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի ուսուցչուհի Հեղինե Կարապետյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Լյուդմիլա Հակոբյանը, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Աշխեն Մելիքյանը, ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի ավագ դպրոցի ուսուցչուհի Կարինե Ղուկասյանը, ՀՀ Արարատի մարզի Վեդու ավագ դպրոցի ուսուցչուհի Մարինե Սարգսյանը եւ ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի դպրոցի ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը:

Հանդիպմանը ներկա էր եւ շնորհակալական խոսք է ասել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ