News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է քաղաքական արիություն ունենալ, որպեսզի վերսկսել կամ սկսել երկխոսություն հայ եւ ադրբեջանցի պատգամավորների միջեւ: Այս մասին, այսօր` փետրվարի 22-ին, հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, Երեւանում ընթացող «Եվրանեսթի» ԽՎ սոցիալական, կրթական, մշակութային ու քաղաքացիական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ:Ինչ-որ պահի նիստը վերածվել է բանավեճի հայ եւ ադրբեջանցի պատգամավորների միջեւ, որից հետո համագործակցության ու երկխոսության կոչեր են հնչել:

«Եվրանեսթից» առաջ Լ. Ալավերդյանը նշել է, որ մեծ խնդիր է դրված` վստահության մթնոլորտ ստեղծել, որի ժամանակ հնարավոր կլինի խոսել այնպիսի կարեւոր հարցերի մասին, ինչպիսիք են մարդու իրավունքներն ու անվտանգությունը:

Նրա խոսքով, 1992-2002 թթ. Հարավային Կովկասի երեք ճանաչված հանրապետությունները շատ ակտիվ համագործակցության մեջ են եղել, սակայն 2002-ից հետո, հնարավոր է, որոշ ներքաղաքական խնդիրների պատճառով, այդ համագործակցությունն զգալիորեն հանգել է: «Առաջարկում եմ փոխանակել միմյանց փորձը, քննարկել դրական փորձը, որը հավաքվել է այս տարիների ընթացքում, որպեսզի ունենանք քաղաքական արիություն ինչ-որ բան վերսկսել կամ սկսել: Հայաստանը միշտ պատրաստ է մասնակցել նման նախագծերի»,- հայտարարել է Ալավերդյանը:

Այսօր, ըստ ընդդիմադիր պատգամավորի, այսօր չկա այն հարթակը, որտեղ երկարատեւ երկխոսություն լինի: «Տարբեր առիթներով հանդիպելիս, հենց ինչ-որ թեմա ենք քննարկում, մենք «կրակում ենք» միմյանց հարցերով: Եթե մենք կարծում ենք, որ պատգամավորներըս կարող ենք ունենալ քաղաքական ներդրում հարաբերությունների զարգացման հարցում, եկեք նման համագործակցության խմբեր ստեղծենք»,-հայտարարել է Ալավերդյանը:

Նրան աջակցել է ադրբեջանցի պատգամավոր, անկուսակցական Ռովշան Ռզաեւը: «Այստեղ ներկա գտնվողներս, թերեւս, հասկանում ենք, որ «Արեւելյան գործընկերության» ծրագիրը գտել է իր ուղղվածությունը: Անձամբ ես դրանում շատ շահագրգռված եմ:

Ինչ վերաբերում է բանավեճին, մենք այսօր շփման հնարավորություն ունենք: Ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ ԼՂ հակամարտությունն արդեն 20 տարի գոյություն ունի: Վերջերս մեր երկու երկրների նախագահները պայմանագիր ստորագրեցին, որտեղ խոսվում է երկու երկրների միջեւ մշակութային ու գիտական պատվիրակությունների փոխանակման մասին Մենք պետք է, օգտագործելով յուրաքանչյուր հարթակ, ինչ-որ կերպ հարաբերություններ ստեղծենք: Մեր երկու երկրների զարգացման համար պետք են ուժեղ քաղաքացիական հասարակություններ»,-հայտարարել է Ռզաեւն ու հավելել. «Երբ մենք այսօր հանդիպեցինք Հայաստանի նախագահի հետ, նա պաշտպանեց մեր նախաձեռնությունները եւ հնարավոր աշխատանքի ուղղություններ առաջարկեց: Մենք պետք է հարաբերություններ ստեղծենք երկու հասարակությունների միջեւ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ