News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, ՀՀ Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ անցնելուց հետո ետ է կանչվել կառավարության կողմից եւ ենթարկվել նոր փոփոխությունների: Այդ մասին այսօր` փետրվարի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նրա տեղեկացմամբ` նպատակահարմար է գտնվել օրենքի նախագիծը խորհրդարանին ներկայացնել փաթեթային  տարբերակով, մասնավորապես` փոփոխություններ են առաջարկվում նաեւ վարչական իրավախախտումների օրենսգրքում: Այդ փոփոխություններով սահմանվում են պատասխանատվության միջոցներ, օրինակ` սննդամթերքի իրացման անվտանգության կանոնները խախտելու համար:

Սակայն հիմնական փոփոխությունը վերաբերում է արտակարգ ռեժիմներում զինված ուժերի օգտագործմանը: Ըստ արդարադատության նախարարի` կատարվել են 2 կարեւոր փոփոխություններ: Առաջին` զինված ուժերը արտակարգ դրության ռեժիմում կարող են ներգրավվել միայն հատուկ պատրաստություն անցնելուց հետո (ներքին զորքերի կանոնակարգին համապատասխան):

Երկրորդ` հստակ սահմանվել է, թե ինչ նպատակներով եւ ինչ ուժերի դեմ կարող են գործել զինված ուժերի ստորաբաժանումները: Ըստ արդարադատության նախարարի` բացառվելու է բնակչության հետ բանակի շփումը: Բանակը օգտագործվելու է արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնելու, ազգաբնակչությանը տարհանելու, մշակութային արժեքները տեղափոխելու, հատուկ պաշտպանվող օբյեկտները պաշտպանելու նպատակով: «Մի քանի սահմանափակում եւ զսպաշապիկ է կիրառվելու զինված ուժերը արտակարգ ռեժիմներում օգտագործելու համար»,- ասաց Հ. Թովմասյանը:

Արդարադատության նախարարի առաջարկով` այս փոփոխությունները անհետաձգելի կարգով կներկայացվեն խորհրդարանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ