News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, փետրվարի 17-20-ին, աշխատանքային այցով եղել է Իտալիայի Պուլիայի տարածաշրջանում` Նարդոյում  Սրբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնին մասնակցելու, ինչպես նաեւ Բարիում եւ այլ քաղաքներում  հայկական պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ դեսպանի այցի առաջին օրը Նարդոյի քաղաքապետարանում տեղի է ունեցել  պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել  Նարդոյի քաղաքապետ Մարչելո Ռիզին /Marcello Risi/, քաղաքային խորհրդի նախագահ Ա. Տիենեն ու անդամները, ինչպես նաեւ գիտնականներ Մարիա Ռոսարիա Տամբլեն եւ Դոնատո Ջիանկարլո դե Պասկալիսը, որոնք ներկայացրել են իրենց կողմից հեղինակած եւ նոր հրատարակված գիրքը` «Կապերը Հայաստանի եւ Նարդոյի միջեւ. Սրբ.Գրիգոր Լուսավորչի պաշտամունքը»:

Իր հերթին դեսպան Կարապետյանը քաղաքային իշխանություններին ուղղված իր ողջույնի խոսքում նշել է, որ «ընդհանրապես ժողովուրդների միջեւ հոգեւոր կապերը ամենահզորն են եւ հարատեւը: Այդ իմաստով հայ-իտալական առնչությունները բացառիկ  են: Նարդոն էլ դրա վառ ապացույցն է, ուր պաշտում են աշխարհի առաջին քրիստոնյա պետության առաջին հոգեւոր առաջնորդին` Սրբ. Գրիգոր Լուսավորչին»: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը պաշտպանել է այս քաղաքը 1743թ. երկրաշարժից, նա կպաշտպանի Նարդոն նաեւ ապագայում` մեզ ներկաներիս ժառանգելով հավերժ ամուր պահել հայ-իտալական բարեկամությունն ու մեր երկու ժողովուրդների միջեւ առկա այս բացառիկ հոգեւոր կապը »,-շեշտել է Հայաստանի դեսպանը:

Քաղաքապետի հետ կայացած առանձնազրույցի ընթացքում Ռուբեն Կարապետյանը խոստացել է աջակցել Նարդոյի եւ Հայաստանի միջեւ կապերի զարգացման ուղղությամբ համապարփակ աշխատանքային ծրագրի մշակման եւ իրականացման գործում` մշակութային, տնտեսական եւ զբոսաշրջության ոլորտներում:

Նարդոյում ՀՀ դեսպանը հանդիպել է նահանգի հոգեւոր առաջնորդին, արքեպիսկոպոս Դոմենիկո Կալիանդրոյին /Mons. Domenico Caliandro/,  մասնակցել է քաղաքի կենտրոնական եկեղեցում Սրբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված պատարագին, ինչպես նաեւ քաղաքային տարեկան երթին, որի ընթացքում հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունները բնակիչների հետ միասին հանդիսավոր կերպով շրջում են ամբողջ քաղաքով ` Սրբ. Գրիգոր Լուսավորչի  կիսանդրու հետ:

Այցի ընթացքում դեսպան Կարապետյանը հանդիպել է նաեւ նահանգի գործարարներին, որոնց հետ քննարկել է երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հաստատման հնարավորությունները:

Տեղեկանք: Սրբ. Գրիգոր /San Gregorio/ եկեղեցին 10-12 դարերում ծառայել է որպես հայկական եկեղեցի Բարիում ձեւավորված հայկական համայնքի համար:Պուլիայի տարածաշրջանում Սրբ. Գրիգոր Լուսավորչից բացի տարածված է նաեւ Սեբաստիայից հայազգի Սուրբ Վլասի  /San Biaggio/ պաշտամունքը, որը մինչ օրս հանդիսանում է Պուլիայի երեք քաղաքների, ինչպես նաեւ Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքի հավանավոր/պաշտպան Սուրբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ