NEWS.am-ի տեղեկություններով, ոստիկանության Վաղարշապատի բաժին, այսօր` մարտի 19-ին, բերման է ենթարկվել հինգ սեւամորթ, ովքեր զբաղվել են խարդախությամբ:
Ինչպես կցկտուր պատմեց մեր աղբյուրը, խմբից երկուսը վաղուց են Հայաստանում ապրում, նրանցից մեկը նույնիսկ ֆուտբոլային ակումբներից մեկի ֆուտբոլիստ է: Իսկ երեքը, որոնք ժամանել են Լիբերիայից եւ բնակվել առաջին երկուսի տանը, զբաղվել են խարդախությամբ:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, նրանք իրենց հետ հատուկ սեւ գույնի ներկած կեղծ դոլար են բերել, Հայաստանում գտնելով իրենց թիրախին՝ գործարք են առաջարկել, ապա որպես ներդրում այդ գումարը ցույց տվել՝ վստահեցնելով, թե հատուկ լուծույթով այն կարելի է մաքրել ու դարձնել իսկական դոլար:
Իրենց ասածը հիմնավորելու եւ կասկածները ցրելու համար նրանք մի քանի սեւ ներկած իսկական դոլար են մաքրել հատուկ լուծույթով` այդպիսով ձեռք բերելով վստահություն, սակայն հետո պատճառաբանել են, թե այդ լուծույթը վերջացել է ու նորը պետք է գնել մնացած սեւ գույնով ներկած կեղծ դոլարները մաքրելու համար: Այսկերպ նրանք խաբեությամբ տարբեր մարդկանցից մեծ չափի գումարներ են շորթել ու անհետացել:





























