News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում տարեցտարի իջնում է ծնելիության մակարդակը, փոխարենը մեծանում է մահացության ցուցանիշը, այդ թվում` մեռելածնությունը եւ մանկական մահացությունը: Այս են ցույց տալիս Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: 2010թ ծնվել է 44825 երեխա, որոնցից 23969-ը տղաներ, իսկ 20856-ը` աղջիկներ: Իսկ 2011թ ծնվել է 43447 երեխա, նրանցից 23160 տղաներ են, իսկ 20287-ը` աղջիկներ: Հայաստանում ծնելիության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 1995թ,  ծնվել է 48960 երեխա: Եթե 2010թ մահացել է 27921 մարդ, ապա 2011թ մի փոքր ավելի շատ` 28030 մարդ: 2010թ մահացածներից 14593-ը արական սեռի ներկայացուցիչներ էին, իսկ 2011թ`  այդ թիվը կազմել է 14650:  2010թ մահացել է իգական սեռի 13328 ներկայացուցիչ, իսկ 2011թ` 13380:

Այժմ անդրադառնանք մանկական մահացություններին: 1995-2010թթ վիճակագրությունը ցույց է տալիս, որ բոլոր տարիներին էլ մահացած երեխաների մեջ մեծ թիվ են կազմում արական սեռի ներկայացուցիչները` պայմանավորված կենսաբանական առանձնահատկություններով:

Այսպես, 1995-2010թթ տվյալներով` մեռելածինների թվի ամենամեծ աճը գրանցվել է 2010թ` 844 դեպք, իսկ ամենափոքրը` 2002թ` 236 դեպք: Նորածնային մահերի (0-27 օրական) ցուցանիշի առումով ռեկորդային էր 2006թ` 401 դեպք, չնայած 2010թ եւս դրանք քիչ չէին` 344 դեպք: 28 օրականից մինչեւ 12 ամսականը կամ հետնորածնային մահերի թվաքանակի առումով ճգնաժամային էր 1995թ` 328 դեպք, իսկ 2010թ` 168, որը, նախորդ տարիների համեմատ, նույնպես բարձր ցուցանիշ է: Մանկական մահերի ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է 1995թ` 697 դեպք, իսկ 2010թ դրանք 512- ն էին` 2009-2008թթ մոտ 448-ի փոխարեն:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ մեռելածինների ամենաշատ դեպքերն արձանագրվել են Կոտայքում, մանկական մահերի ցուցանիշով առաջին տեղում է Շիրակի մարզը: Փաստորեն, ոչ միայն ծնելիության նվազման միտում է նկատվում, այլեւ մի քիչ ավել, մի քիչ պակաս տեմպերով աճում է մեռելածինների դեպքերը, նորածնային եւ հետնորածնային մահվան դեպքերը:

Մահացությունների հիմնական պատճառը, ըստ ԱՎԾ-ի տվյալների, շուրջծնական շրջանում առաջացած առանձին վիճակներից է, ինչպես նաեւ բնածին անկանոնություններից եւ  ձեւախախտումային խանգարումներից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ