News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետեկամուտների կոմիտեի եւ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջեւ ստորագրվել է 2012 թ-ի համատեղ միջոցառումների հուշագիր:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջին տարիներին ԱՊՀ շրջանակներում էականորեն բարձրացել է Հայաստանի ՊԵԿ-ի եւ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջեւ համագործակցության արդյունավետությունը: Ծրագրով նախատեսվում է երկու երկրների մաքսային ծառայությունների միջեւ համագործակցություն` մաքսային ծառայողների վերապատրաստման, տեղեկությունների փոխանակման, մաքսանենգության դեմ պայքարի, կինոլոգիական ծառայությունների փոխգործակցության ակտիվացման ու մաքսային փորձի փոխանակման ուղղությամբ:

2012թ-ի ընթացքում այս ծրագրի իրագործման նպատակով Հայաստանում եւ Ուկրաինայում արդեն մի շարք երկկողմանի հանդիպումներ են տեղի ունեցել: Աշխատանքային այցով Հայաստանում է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է` քննարկել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի եւ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջեւ փորձի փոխանակմանը եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Մարտի 24-ին կայացած հանդիպման ժամանակ երկու գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաեւ առաջիկայում իրականացվելիք` Փոթի-Իլյիչեւսկ սահմանահատվածով հայկական ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի պարզեցման աշխատանքներին, ինչն իր հերթին կնպաստի երկու երկների առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը:

Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները վերջին տարիներին շարունակական աճ  են արձանագրել, ինչին ավելի կնպաստեն մաքսային ընթացակարգերի պարզեցմանն ուղղված` երկու գերատեսչությունների ջանքերը: Եթե 2010թ-ին  Ուկրաինայից Հայաստան է ներմուծվել ավելի քան 231 միլիոն 645 հազար դոլարի ապրանք, ապա 2011-ին այն կազմել է շուրջ 232 միլիոն 600 հազար դոլար: Ներմուծվել  են հիմնականում շինանյութ, ծխախոտ, պարենային ապրանքներ: Իսկ Հայաստանից արտահանվել  են սպիրտային ըմպելիք, ձկնամթերք, պահածո:  2010-ին արտահանումը կազմել է շուրջ 12 միլիոն 270 հազար դոլար, իսկ 2011-ին` ավելի քան 11 միլիոն 120 հազար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ