News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զաֆար Գուլիեւի` «Տոն առանց ժողովրդի» վերտառությամբ հոդվածը, որը տպագրվել է ադրբեջանական «Ազատություն» ռադիոկայանի ծառայության կայքում: Հոդվածում հեղինակը խոսում է Նովրուզի պերճաշուք տոնակատարությունների ֆոնի վրա ադրբեջանական իշխանությունների` սեփական ժողովրդի կարիքների հանդեպ ցուցաբերվող անտարբերության մասին.

Վերջին տարիներին միտում է նկատվում. պետական ուշադրության ակնհայտ աճ «թագավորական» անձանց հանդեպ, ինչն ուղեկցվում է Ադրբեջանի սովորական քաղաքացիների կարիքների եւ հետաքրքրությունների հանդեպ անտարբերության բացահայտ աճով: Ադրբեջանական մենատիրության եւ կլանների իշխանության զարգացման տրամաբանությունը ուժեղացնում է հակասությունը հարստացող փոքրամասնության եւ իրավական առումով աղքատ մեծամասնության միջեւ: Նման «սեգրեգացիոն» տրամաբանությունը հանգեցնում է մի իրադրության ձեւավորմանը, երբ ամբողջ երկիրը վերածվում է իշխող ընտանիքի եւ ազդեցիկ օլիգարխների շահերի, քմահաճույքների, ամբիցիաների եւ ցանկությունների համար ծառայեցվող գոտի:

Ավելորդ տարր

Շարունակելով քարոզչական մակարդակով հրապարակել «Ամեն ինչ ժողովրդի համար, ամեն ինչ հանուն ժողովրդի» կարգախոսը` իշխող էլիտան գործնականում իրականացնում է «Բայց առանց ժողովրդի» սկզբունքը: Կառուցվող հսկայական հիվանդանոցները, պալատները, ժամանցի կենտրոնները, ռեստորանները, էլիտար դպրոցները, սպորտային համալիրները եւ այլն, մեծամասամբ անհասանելի են բնակչության հիմնական հատվածի համար, դրանք նույնիսկ նախատեսված էլ չեն նրանց համար: Ըստ էության, «Ձերդ գերազանցություն» ժողովուրդը աստիճանաբար դառնում է ավելորդ տարր` ժամանակակից Ադրբեջանի քաղաքական կյանքում:

Ակնհայտ օրինակ. եթե նախկինում (խորհրդային շրջանում եւ հետխորհրդային վաղ շրջանում) ցանկացած տոնակատարություն կազմակերպվում էր «ժողովրդի ներկայության» պայմաններում, թեկուզ եւ նախօրոք կազմակերպված տարբերակով, ապա այժմ իրադրությունը արմատապես փոխվել է:

Ժողովրդական` առանց ժողովրդի

Օրինակ, նախորդ տարվանից սկսած, նախագահի, նրա ընտանիքի անդամների եւ իշխող վերնախավի ներկայացուցիչների մասնակցությունը ավանդական «համաժողովրդական հանդիսություններին»` նվիրված գարնանային Նովրուզ տոնին, տեղի է ունենում ժողովրդի բացակայության պայմաններում:  Առավոտվանից սկսած ամբողջ օրվա ընթացքում քաղաքի կենտրոնի ծովափնյա հատվածը ջանասիրաբար մաքրվում է մարդկանցից եւ մեքենաներից, հայտնվում է ոստիկանական շղթայի հսկողության տակ եւ, ըստ էության, անմարդաբնակ տարածք է ներկայացնում` հագեցած  բոլոր հնարավոր տոնական ցուցանմուշներով:
Նախագահը, նրա ընտանիքի անդամները, նրանց հետ նաեւ օլիգարխների ամբողջ խումբը շրջում են դատարկված բուլվարով, որտեղ ամբողջ երկրից միայն  բծախնդրորեն ընտրված պարողները, մարզիկները, արհեստավորները, խոհարարներն ու ֆոլկլորային խմբերը  (միայն նրանց` ընտրյալներին)  ցուցադրում են իրենց ունակությունը: Անհեթեթ պատկեր:

Կամ, օրինակ, նախորդ տարվա ռազմական հանդիսավոր շքերթը երկրի գլխավոր հրապարակում. կրկին հրապարակի շրջակա ողջ տարածքը եւ քաղաքի մերձակայքը ամբողջությամբ անմատչելի էին հասարակ մահկանացուների համար, որոնք եւս ցանկանում էին հպարտանալ ռազմական տեխնիկայի բնագավառում Ադրբեջանի ձեռքբերումներով: Շքերթը եւս ընտրյալների համար էր:

Դիտելով քաղաքական այս վիրավորական իրողությունները` ակամայից հանգում ես այն մտքին, որ այն ամենի հիմքում, ինչ անում է Ադրբեջանի իշխանությունն այսօր, ընկած է խոր սառնասրտությունը կամ արհամարհանքը սեփական ժողովրդի հանդեպ: Ըստ երեւույթին, իշխանությունը ենթադրում է, որ ժողովուրդը կապյալներ են կամ նախիր, որի իրավունքները, շահերը, պահանջները եւ կարծիքը ոչ թե կարելի է, այլ պետք է արհամարհել: Իհարկե, ի շահ ժողովրդի: Բայց` առանց ժողովրդի:

Վերջին իրավունքը դիտելն է

Գրավելով ժողովրդի շահերն արտահայտողի դերի մենաշնորհը` իշխող նոմենկլատուրան կարծում է, որ այդ երկրում միայն ինքն է  ընդունակ եւ պետք է ղեկավարի ամենքին ու ամեն ինչը` դրա տակ հասկանալով ոչ միայն թալանի ու կամայականությունների կառավարական իրավունքը, այլեւ քաղաքացիների հանրային, նաեւ` անձնական կյանքի մանիպուլյացիան:

Դրա համար էլ Ադրբեջանում հետեւողականորեն վերացվում են բոլոր ինստիտուտները եւ փակվում են բոլոր ալիքները, որոնք թեկուզ եւ չնչին ձեւով ցուցադրում են ժողովրդի մասնակցությունը երկրի կյանքում: Բնականաբար, բացառություն է կազմում «ազգի փրկչի» եւ գործող իշխանության գովաբանման տեսարաններում «ժողովրդի առկայության» հանգամանքը: Սակայն ներկայումս նույնիսկ այդ տեսարաններում ժողովրդի մասնակցության կարիք չի լինում: Ճիշտ է, հեռուստաալիքները դեռ ունեն ժողովրդական մասնակցությամբ այդ տեսարանները ցուցադրելու իրավունք:

Միակ «ճշմարիտ ընտրությունը»

Փաստացի, իշխանությունները վերջին շրջանում միտումնավոր խուսափում են ժողովրդից` վանելով նրան իրենցից: Իշխող ուժը նույնիսկ հրաժարվում է «ժողովրդին ներկայանալու» եւ համաժողովրդական շրջագայությունները «կազմակերպելու» նախկին պրակտիկայից: Ըստ էության, գործող էլիտան ենթադրում է, որ ժողովուրդը դեռ չի հասունացել ժողովրդավարության, իրավական պետության, քաղաքացիական հասարակության եւ երկիր կյանքին ակտիվորեն մասնակցելու համար: Ստացվում է, որ խնդիրը ոչ թե իշխանության, այլ ժողովրդի մեջ է. իշխանությունը հասունացել է այդ ամենի համար, իսկ մնացածը` ոչ:

Ինչպես երեւում է, ժողովուրդն այդպսիսին է ստացվել` հետամնաց եւ մռայլ: Ընդհանրապես, ադրբեջանական իշխանությունների տրամաբանությամբ, ժողովուրդը միայն մի դեպքում է ակտիվություն ցուցաբերել եւ ճիշտ որոշում ընդունել, երբ «ետ է կանչել» Հեյդար Ալիեւին: Ինչից հետո կրկին հայտնվել է «մռայլ», «անպետք» իրավիճակում: Դրա համար էլ բոլոր մնացած դեպքերում նրա հետ չարժե հաշվի նստել: Փաստացի, հաշվի չեն էլ նստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ