News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի որոշմամբ սկիզբ դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալական ուղերձ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ անցած 20 տարիների ընթացքում համանախագահող երկրների եւ անձամբ այդ երկրների նախագահների կողմից ձեռնարկված հետեւողական ջանքերի համար:

Ընդգծելով, որ թեեւ Մինսկի գործընթացի գլխավոր նպատակը` հիմնախնդրի կարգավորումը, դեռեւս մնում է չիրագործված, նախագահ Սարգսյանը նշել է, որ այդուհանդերձ անհնարին է գերագնահատել այն վիթխարի աշխատանքը, որ անցած քսան տարիների ընթացքում իրականացվել է Մինսկի խմբի համանախագահության կողմից` կողմերի դիրքորոշումների մոտեցման, հիմնարար սկզբունքների մշակման, լարվածության լիցքաթափման եւ խաղաղության պահպանման համար:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը, մեծապես շահագրգիռ լինելով հիմնախնդրի հանգուցալուծմամբ, շարունակելու է իր դրական եւ կառուցողական ներգրավվածությունը Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում` ի նպաստ մեր տարածաշրջանի կայունության եւ անվտանգության, ժողովուրդների լավագույն ապագայի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ