News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունն, այսօր` մարտի 27-ին, ղազախական Ալմաթի քաղաքում մասնակցել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ նիստի մեկնարկը պատվիրակությունների ղեկավարները ծաղիկներ են դրել Անկախության հուշակոթողին:

Բացելով նիստը, ՌԴ Դաշնային խորհրդի  եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ներկայացրել է այն կարեւոր նախաձեռնություններն ու աշխատանքները, որ իրականացրել է Վեհաժողովն անցած 20 տարվա ընթացքում: Մասնավորապես նշվել է, որ կառույցն իր հիմնական գործունեությունն ուղղել է ԱՊՀ անդամ երկրների օրենսդրական դաշտի մերձեցմանն ու ներդաշնակեցմանը: ԱՊՀ ՄԽՎ-ն ակտիվորեն մասնակցել է Համագործակցության տարածքում ինտեգրման գործընթացներին: Նշվել է, որ ՀԱՊԿ մասնակից երկրների խորհրդարանական պատվիրակությունները ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում հետեւողականորեն քննարկել են այդ պայմանագրի օրենսդրական հարցերը, իսկ 2006 թվականից որոշում է կայացվել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի ստեղծման մասին:  ԱՊՀ ՄԽՎ կարեւորագույն գործառույթներից է եղել խաղաղարար գործունեությունը, որն իր  մեջ ներառում է ոչ միայն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման իրավական հիմքերի մշակումը, այլ նաեւ անմիջական խաղաղարար միջոցառումների իրականացում Համագործակցության թեժ կետերում: Դրանցից կարեւորագույններից մեկն է 1994 թվականին Բիշկեկում ստորագրված արձանագրությունը` Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմն ապահովող առայժմ միակ քաղաքական փաստաթուղթը:

Նիստի ընթացքում ելույթներ են ունեցել մասնակից խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները: Մասնավորապես ՍԾՏՀ ՄԽՎ  անունից, որտեղ նախագահում է Հայաստանը, ողջույնի խոսք է ասել ԱԺ պատգամավոր,  ՍԾՏՀ ՄԽՎ  փոխնախագահ Արեգ Ղուկասյանը` ներկայացնելով նաեւ ՀՀ նախագահության օրոք կատարված աշխատանքը: Նա տեղեկացրել է, որ մայիսի 22-24-ը Երեւանում Հայաստանի նախագահությամբ կանցկացվի ՍԾՏՀ գլխավոր վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հոբելյանական նիստում ելույթ ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել  Նիկոյանը, ով, մասնավորապես, նշել է.

«Դեռեւս 20 տարի առաջ նոր կազմավորվող բոլոր անկախ պետությունների համար խիստ հրատապ եւ ընդհանրական խնդիր էր  ազգային որակական մի նոր օրենսդրական-իրավական համակարգի ստեղծումը: Ընդ որում,  մենք բոլորս հասկանում էինք, որ համապատասխան կադրերի ու անհրաժեշտ ռեսուրսների բացակայության պայմաններում միայնակ դժվար կլինի  հաղթահարել այդ խնդիրը: Միաժամանակ հասկանալի էր, որ նման իրավական դաշտի ստեղծումը, որը կհամապատասխաներ նոր տնտեսական եւ քաղաքական իրողություններին, հումանիտար ամուր կապերի առկայության պայմաններում հնարավոր է միայն ԱՊՀ  երկրների խորհրդարանների ջանքերը միավորելով:

Հենց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը դարձավ այն ասպարեզը, որտեղ, համատեղելով ընդհանուր հնարավորություններն ու  ներուժը, մենք կարողացանք արդյունավետ կերպով փոխգործակցել եւ համակարգված լուծել ծառացած խնդիրները:

Սկզբնական փուլում ԱՊՀ անդամ երկրների առանձնահատկությունների հաշվառումով համապատասխանեցված մոդելային օրենսդրությունը շատ մեծ նշանակություն ունեցավ: Արդյունքն ակնհայտ է, երբ  գնահատում ենք ԱՊՀ երկրների օրենսդրական դաշտում իրականացված փոփոխությունների ծավալը, որն այսօր համահունչ է միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին: Այս առումով ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դերն ու նշանակությունը դժվար է գերագնահատել:

Անարդարացի կլիներ հոբելյանական նիստում չնշել ԱՊՀ ՄԽՎ-ի խաղաղապահ առաքելությունը, չհիշել Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ Բիշկեկի արձանագրության ստորագրման հարցում Վեհաժողովի կարեւոր ներդրման մասին, որի շնորհիվ 1994 թ. մայիսին հաջողվեց հրադադարի հասնել»:

ԱՊՀ ՄԽՎ խորհուրդը լսել ու ընդունել է նիստի օրակարգում ներառված բոլոր 11 հարցերը, մասնավորապես մի շարք երկրներում իրականացված դիտորդական առաքելությունների արդյունքները, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 2011 թվականի գործունեության արդյունքները, 2012 թվականի աշխատանքային պլանը:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովն ընդունել է «ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 20-ամյակի մասին» հայտարարությունը:

Քսանամյա գործունեության արդյունքում Վեհաժողովն ընդունել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան 315 մոդելային օրենսգիրք, օրենք ու երաշխավորություն` տեղայնացված ԱՊՀ տարածքի համար եւ հասարակության գործունեության բոլոր ուղղություններն ընդգրկող:

Հայտարարության մեջ խոսվում է ԱՊՀ ՄԽՎ միջազգային գործունեության, Վեհաժողովի կողմից կազմակերպած համաժողովների եւ կոնֆերանսների դերակատարության, հետխորհրդային տարածքում միջխորհրդարանական համագործակցության տարբեր մակարդակներով եւ աստիճանների ինտեգրման մեխանիզմների ապահովման, այն նպաստի մասին, որ ունեցել է Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ Եվրասիական տնտեսական համագործակցության   խորհրդարանական վեհաժողովների կայացմանը:

Հայտարարության մեջ պատրաստակամություն է հայտնվում ակտիվ մասնակցություն ցուցաբերել ԱՊՀ ղեկավարների խորհրդի որոշումների օրենսդրական ապահովման, համագործակցության կարեւոր ուղղություններով միջպետական ծրագրերի ձեւավորման ու իրականացման գործում: Մեծ հեռանկար է արձանագրվում համատեղ ուժերով մոդելային օրենսդրության հետագա կատարելագործման ուղղությամբ, արձանագրվում է միջազգային խորհրդարանական կառույցներում համատեղ գործողությունների համակարգման կարեւորությունը:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի անդամներն իրենց հաստատակամությունն են հայտնում ընդլայնել միջխորհրդարանական երկխոսությունը թե աշխարհագրական, թե բովանդակային առումով, մշտապես կատարելագործել խորհրդարանների միջեւ համագործակցության ձեւերն ու ուղղությունները:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հաջորդ նիստը կկայանա մայիսի 16-17-ը, Սանկտ Պետերբուրգում:

ՄԽՎ խորհրդի որոշմամբ` ԱՊՀ գործունեությունն ապահովող օրենսդրական հիմքերի ստեղծմանը նպաստելու, միջխորհրդարանական եւ ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար «ԱՊՀ ՄԽՎ. 20 ամյակ» ոսկե եւ արծաթե մեդալներով, ինչպես նաեւ պատվոգրերով պարգեւատրվեցին տարբեր երկրների ներկայացուցիչները: ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը պարգեւատրվել է «ԱՊՀ ՄԽՎ. 20 ամյակ» ոսկե մեդալով: ՀՀ խորհրդարանի ղեկավարին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրամանագրով շնորհվել է նաեւ «Ղազախստան. անկախության քսան տարի» մեդալ:

Խորհրդի նիստն իր աշխատանքներն ամփոփեց խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համատեղ ասուլիսով:

Տպել
Ամենաշատ