News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում տարեցտարի աճում է ալերգիա ունեցող մարդկանց թիվը, որի մասին է վկայում բժշկական պրակտիկան: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Արաբկիր բժշկական կենտրոնի Հանրապետական մանկական ալերգոլոգիական դիսպանսերի պատասխանատու, մանկաբույժ- ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը` հավելելով, որ ոչ ոք չի կարող ասել, թե դա ինչով է պայմանավորված, գիտնականներն աշխատում են այդ ուղղությամբ: «Պաշտոնական վիճակագրությունն այդքան էլ վստահելի չէ, որովհետեւ ոչ բոլոր հիվանդներն են դիմում բժշկական կենտրոններ, բայց աճի միտում կա»,- նշեց ալերգոլոգը:

Նրա խոսքով` գարնանային ալերգիաները հիմնականում ալերգիկ հարբուխներն են, ասթման եւ ատոպիկ դերմատիտը, դրանք հիմնականում սրվում են ծաղկափոշիների ծաղկման սեզոնին: Իսկ Հայաստանում ամենատարածվածը մարգագետնային խոտերի ծաղկափոշիներն են, որոնց նկատմամբ ալերգիան գերակշռող է: Դրա սեզոնն սկսվում է ապրիլի կեսերից եւ ավարտվում սեպտեմբերին: «Կան նաեւ այլ ալերգիաներ, որոնք ուրիշ սեզոնների կարող են լինել, բայց դրանց նկատմամբ ալերգենը ավելի քիչ է Հայաստանում, օրինակ` ծառերի ծաղկեփոշիների ալերգիաները սկսվում են հունվարին»,- նշեց նա:

Ալերգիաների ախտանիշները նման են գրիպին, մասնավորապես` ալերգիկ հարբուխների դեպքում առկա է փռշտոց, քթի փակվածություն, աչքերի, քթի քոր, գլխացավ, իսկ ասթմայի ախտանշանններն են դժվարաշնչությունը, կրծքավանդակի սեղմելու զգացումը, հատկապես գիշերային ժամերին` հազը, ատոպիկ դերմատիտի դեպքում հնարավոր է մաշկի չորություն, գրգռված մաշկ, ցան ծալքերի հատվածում, երեխաների մոտ` նաեւ այտերի հատվածում:

Աստղիկ Բաղդասարյանի խոսքով` ալերգիաները սեռ եւ տարիք չեն հարցնում, հատկապես` պետք է ուշադիր լինեն նրանք, ովքեր ալերգիկ հակումներ ունեն եւ նախորդ տարիներին եւս նրանց մոտ նմանատիպ դեպքեր արձանագրվել են: «Մինչ ալերգիաների սեզոնը, ցանկալի է, որ նրանք դիմեն բժշկի, որպեսզի համապատասխան ցուցումներ ստանան: Ցանկալի է, որ ամեն տարի գնահատվի թոքերի ֆունկցիան, որպեսզի ժամանակին հայտնաբերվի ասթման, որ հետո բարդություններ չառաջանան»,- նշեց նա: Նրանք, ովքեր ալերգիաների ախտանիշներ չեն ունեցել, պետք է ուշադիր լինեն, անհրաժեշտության դեպքում դիմեն բժշկի:

Ամփոփելով` Աստղիկ Բաղդասարյանը նաեւ մի քանի խորհուրդ տվեց ալերգիա ունեցող մարդկանց: Նրա փոխանցմամբ` ալերգեն մարդիկ կարող են օգտագործել աղաջրով ողողումներ քթի խոռոչի հատվածում, եթե աչքերի հետ խնդիրներ ունեն, ապա ցերեկային ժամերին տնից դուրս գալիս կրեն ակնոց, ինչը չի կանխարգելում, բայց նվազեցնում է «կոնտակտի մակարդակը»: «Ծաղկափոշու մակարդակը մաքսիմալ է կեսօրին եւ պետք է աշխատեն այդ ժամերին դուրս չգալ փողոց: Մաշկի խնդիր ունեցողները պետք է մաշկը խոնավեցնող միջոցներ օգտագործեն»,- ասաց Աստղիկ Բաղդասարյանը:

Ի դեպ, սովարաբար ալերգիաները անբուժելի են, բայց սեզոնային ալերգիաների դեպքում կա սպեցիֆիկ քիմիոթերապիա բուժում, որը որոշ դեպքերում ամբողջովին, որոշ դեպքերում` 80 տոկոսով, կարող է նվազեցնել մյուս տարի կրկնվելու հավանականությունը:

Տպել
Ամենաշատ