News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ֆրանսիացի հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորիին, ով բազմաթիվ ֆրանսիացի արվեստագետների հետ Երեւան է ժամանել՝ մասնակցելու ֆրանկոֆոնիայի միամսյակին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին Երեւանում եւ Երեւանի քաղաքապետարանում՝ Տարոն Մարգարյանը հատկանշել է հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, մասնավորապես ներկայացնելով ջերմ ու գործնական հարբերությունները Երեւանի քույր քաղաքներ Փարիզի եւ Մարսելի հետ:  «Տեղյակ եմ, որ հաճախ եք լինում Երեւանում եւ հուսով եմ, որ ամեն անգամ միայն լավ տպավորություններով ու հիշողություններով եք հեռանում Երեւանից»,- նշել է քաղաքապետը: Պատրիկ Ֆիորին իր հերթին նշել է, որ  հասցրել է շրջել Երեւանում եւ հիացած է մեր մայրաքաղաքով։

Ֆրանսահայ հանրաճանաչ երգիչը Երեւանի քաղաքապետին իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հայ-ֆրանսիական մշակութային նախաձեռնություններին եւ ցանկություն հայտնել Երեւանում անվճար ներկայացումներ կազմակերպելու, ինչպես նաեւ աշխարհահռչակ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլը Երեւանում եւս ներկայացնելու մասին: «Երեւանի քաղաքապետարանը ամենայն հնարավորություն կներդնի Ձեր նախաձեռնություններին իր լիազորությունների սահմաններում աջակցելու համար»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը Պատրիկ Ֆիորիին հրավիրել է մասնակցելու Էրեբունի-Երեւան տոնակատարություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ