News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա` ապրիլի 3-ի նիստում, խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջեւ էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 5 քմ-ն գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը:

Նշենք, որ քարոզչական նպատակներով արտաքին գովազդային վահանակների օգտագործման համար ԿԸՀ հայտեր են ներկայացրել ընտրություններին մասնակցող 9 ուժերից միայն 5-ը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն եւ «ՕԵԿ-ը:

«Քարոզչական նպատակներով տարբեր կուսակցություններին 5 քմ գերազանցող քարոզչական պաստառների տեղադրման համար տրվող գովազդային վահանակների կուտակումներից խուսափելու համար ԿԸՀ որոշմամբ դրանք հավասարաչափ կտեղաբաշխվեն»,- նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, հավելելով, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո արգելվում է հասարակական տրանսպորտում եւ առեւտրի կենտրոններում քարոզչական պաստառներ փակցնել:

Նիստի ընթացքում հանձնաժողովը մերժել է «Մարդ եւ իրավունք» իրավապաշտպան, «ԵՔԳԱ» երիտասարդական եւ «Մեղրիի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ների դիտորդների հավատարմագրման մասին դիմումները, քանի որ նշված կազմակերպությունների կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության համար քաղաքական ուժերին տրվող եթերաժամերն ու ելույթների հաջորդականությունը:

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին, իսկ քարոզարշավը մեկնարկում է ապրիլի 8-ից:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ