Կրկին պարզվել է, որ Ադրբեջանը «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին զենքի մատակարարման մեջ է ներքաշված։ Ադրբեջանին ուղղված զենքը հայտնվել է ԻՊ-ի զինյալների ձեռքում։ Այս մասին ասված է դեկտեմբերի 15-ին հրապարակած «Հակամարտություններում զենքերի հետազոտություն» (Conflict Armament Research) բրիտանական ընկերության զեկույցում, որը զբաղվում է աշխարհում զենքի շարժի վերահսկողությամբ։

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ 2015 թվականի մայիսին Սիրիայի ինքնապաշտպանական ուժերն Էլ Հասակա քաղաքի մոտ ԻՊ-ի ուժերից գրավել են PG7PM մարտական լիցք։ Բրիտանական կազմակերպության հետազոտողների խումբը այս առարկան փաստաթղթավորել է 1-14-((11)) համարով, 2015 թ․ մայիսի 20:

Ավելի ուշ Բուլղարիան հաստատել է, որ 2014 թ. դեկտեմբերի 18-ին այդ զենքը արտահանվել է, իսկ ստացողը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է եղել: Լիցենզիայի հայտին կցված է եղել վերջնական օգտագործողի վկայականը: Զեկույցում շեշտվում է, որ Ադրբեջանին ուղարկված կազմակերպության հարցմանը դեռեւս պատասխան չի ստացվել:

Բուլղարիայի կողմից ներկայացված փաստաթղթերից երեւում է, որ զենքի արտահանումն իրականացվել է Բուրգասի օդանավակայանի միջոցով դեպի Բաքվի օդանավակայան:

Նշենք, որ սա Ադրբեջանի եւ ԻՊ-ի կապի մասին առաջին հիշատակումը չէ: Ավելի վաղ բուլղարական «Տռուդ» թերթը հրապարակել էր մի հոդված, որում նշված էր, որ Ադրբեջանը զենք է վաճառել Սաուդյան Արաբիային, որն այնուհետեւ հայտնվել է ԻՊ-ի ձեռքում: