Հեռացող տարին լեցուն էր քաղաքական իրադարձություններով եւ սկանդալներով: Սակայն եղան արդիկ, որոնք մեզ առանձնապես զարմացրին: Ստորեւ կներկայացնենք՝ ինչով հատկապես եւ ինչու ստիպեցին զարմանալ:

Ավանդույթները խախտող Դոնալդ Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, անկասկած, առաջնորդ է այն մարդկանց վարկանիշում, որոնք 2017 թվականին մեզ զարմացրել են: Նրա նախագահության առաջին տարին նշանավորվել է բազմաթիվ սկանդալներով՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում: Հնարավոր է՝ ամերիկյան մամուլի պատմության մեջ նա երկրի հազադեպ նախագահներից մեկն է, ում լրագրողներն այնքան չսիրեցին, որ «չեն կարողանում մարսել»: Նրա յուրաքանչյուր քայլը, ժեստը, բառը, դեմքի արտահայտությունը մանրակրկիտ վերլուծության առիթ են դառնում, եւ բնականաբար, եզրակացություններն ի վնաս Թրամփի են:

Միլիարդատերը խախտում է ամերիկյան ավանդույթները, եւ դա նրան չեն կարող ներել: Նա վիճում է լրատվամիջոցների հետ՝ նրանց մեղադրելով  ստի եւ պրոֆեսիոնալիզմի բացակայության մեջ, գլոբալ տաքացումը «խաբեություն» է համարում, չի վստահում Իրանին, անուն է կպցնում Հյուսիսային Կորեայի առաջնորդին, ցանկանում է բարեկամանալ Պուտինի հետ, Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք՝ չնայած ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ ամբողջ աշխարհի բողոքին:

Նրա Twitter-ի միկրոբլոգը ակնդետ ուշադրության առարկա է: Եվ չնայած Բարաք Օբաման ակնարկում է, որ ինքն ավելի մեծ թվով բաժանորդներ ունի, հենց Թրամփի թվիթներն են քաղաքական ենթատեքստում այս սոցցանցը ավելի արդիական դարձրել:

Նրան չեն կարողանում ներել (ամերիկյան լրատվամիջոցները), որ տնային ձեռնասուն չի պահում: Վերջին 100 տարում առաջին անգամ ԱՄՆ նախագահը շուն, կատու կամ գոնե լղար համստեր չունի:

Նա սպորտ չի սիրում: Իսկ գոլֆով նրա հրապուրանքը չափազանց շատ ժամանակ է խլում (այդպես է մտածում ամերիկյան լրատվամիջոցների մեծ մասը):

Նա ուշադրություն չի հատկացնում գեղեցկուհի կնոջը: Մե՛րթ նրան առջեւից գնալ թույլ չի տալիս, մե՛րթ ձեռքը չի բռնում, չափազանց սառն է եւ ընդհանրապես «բռնապետ» է, որը «թշվառին» ոսկե վանդակի մեջ է դրել: Եվ ընդհանրապես՝ կանանց արհամարհանքով է վերաբերվում:

Նրա հոգեվիճակի մասին դատողություններն արդեն սովորական են դարձել: Բանն այնտեղ է հասել, որ նման եզրակացությունների առիթ է դառնում ելույթ ունենալիս Թրամփի պատահական վրիպումը: Իսկ Սպիտակ տնից հավաստիացնում են, որ ուղղակի Թրամփի կոկորդն էր չորացել, եւ ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է թե՛ հոգեվիճակի, թե՛ առողջության հետ կապված:

Միտումները հաշվի առնելով՝ Թրամփը բոլոր հնարավորություններն ունի նաեւ հաջորդ տարի զարմանալի մարդկանց վարկանիշում առաջնորդությունը պահպանելու համար:

Մերձավոր Արեւելքի նոր տեր սաուդյան գահաժառանգ Մուհամմեդը

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդը բանտարկել է իր 11 ազգական արքայազններին՝ նրանց կոռուպցիայի մեջ մեղադրելով: Մուհամմեդի այս քայլն անսպասելի էր եւ եւս մեկ պատճառ դարձավ ոչ մեծ ու նավթով հարուստ թագավորության վրա ակնդետ ուշադրություն դարձնելու համար, որը վեջին 3 տարիներին նավթի գնանկման պատճառով տնտեսական ճգնաժամի մեջ է: Մուհամմեդը ցանկանում է որպես բարեփոխիչ ներկայանալ: Նրա հրահանգով սաուդցի կանանց թույլ կտան մեքենա վարել եւ տղամարդկանց հետ մարզադաշտ մտնել:

2016-ի ապրիլին ազդեցիկ արքայազնը, ով նաեւ տնտեսության եւ զարգացման հարցերով խորհրդի նախագահն է, ներկայացրել է տնտեսական բարեփոխումների հավակնոտ հայեցակարգ՝ ուղղված նավթային եկամուտներից թագավորության կախվածության վերացմանը:

Նրա խոսքով՝ այս «Տեսլական-2030» ծրագրի իրականացումը երկրին թույլ կտա արդեն 2020 թվականին «ապրել առանց նավթի»:

Երբ 2015 թվականի հունվարին Սալման բին Աբդուլ Ազիզը թագավոր դարձավ, չհապաղեց երկրի կառավարման գագաթին ամրապնդել որդու դիրքերը: Մուհամմեդը 29  տարեկանում դարձավ երկրի պաշտպանության ամենաերիտասարդ նախարարը: Ընդամենը 2 ամիս անց Սաուդյան Արաբիան կոալիցիա կազմեց եւ Եմենում ռազմական արշավ սկսեց:

Ծեր համառը Զիմբաբվեից

Զիմբաբվեի 93-ամյա արդեն նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվեց երկրում իրականացված հեղաշրջումից հետո եւ ցանկացած գնով պաշտոնում մնալու իր համառ ցանկության պատճառով: Չնայած նրա համառությունը 2 շաբաթ բավականացրեց, նա, այնուամենայնիվ, վերջին պահին հանձնվեց՝ գիտակցելով, որ այլ ելք չունի: Նրա հրաժարականի հարցում ոչ պակաս կարեւոր, եթե ոչ առանցքային դեր է խաղացել կինը՝ Գրեյսը, ում զիմբաբվեցիների մեծ մասն ամբողջ հոգով ատում է:

Ռոբերտ Մուգաբեն պաշտոնապես նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1987 թվականի դեկտեմբերի 31-ին, սակայն փաստացի իշխանության էր 1980 թվականից, երբ բրիտանական Ռոդեզիա գաղութն անկախացավ եւ երկրի անունը փոխեց՝ դարձնելով Զիմբաբվե:

Երբ Մուգաբեն իշխանության եկավ, Զիմբաբվեի տնտեսությունը աֆրիկյան երկրների շարքում ամենաուժեղ տնտեսություններից մեկն էր: Հիմա երկիրը մտնում է աշխարհի ամենաաղքատ 30 երկրների մեջ: Ըստ որում՝ նրա կինը՝ Գրեյսը, իրեն ոչ մի բանից չէր զրկում:

Նրան անվանում են «Գուչիի Գրեյս» եւ «Առաջին գնորդուհի»: Նա շատ էր սիրում հագուստի, ոսկերչական զարդերի եւ այլ շքեղ իրերի վրա փող ծախսել, ինչը զայրացնում էր ընդդիմադիր շարժումների ներկայացուցիչներին, որոնք ասում էին, թե առաջին տիկինը հարկատուների փողերն իր հաճույքների համար է ծախսում: Օրինակ՝ 2003 թվականին նա Փարիզում 120 հազար դոլար է ծախսել ոչ մեծ շոփինգի համար: Այս տարի զիմբաբվեցիներին վրդոված նորությունը դարձավ այն, որ Գրեյս Մուգաբեն 400 հազար դոլարով Rolls-Royce էր գնել, Զիմբաբվեի առաջին տիկինը կանխիկով էր վճարել:

Ռոբերտ Մուգաբեն հրաժարական է նրկայացրել միայն այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը իմփիչմենթի գործընթաց էր սկսել: Նախագահի պաշտոնից հրաժարականի համաձայնագրով Մուգաբեին իրավաբանական անձեռնմխելիություն է տրամադրվել, ինչպես նաեւ երաշխավորվել են դրամական վճարումներ: Մասնավորապես՝ նախկին նախագահը անմիջապես «5 մլն դոլար կստանա»: Դրանից բացի, համաձայնագրով նախատեսված է Մուգաբեի համար ամենամսյա 150 հազար դոլարի աշխատավարձ:     

Կանայք, որոնք շտապում են Ռուսաստանի Դաշնության նախագահ դառնալ. «Կախարդական ձի», սկանդալային լրագրող եւ պոռնոդերասանուհի

Եթե Քսենյա Սոբչակը, Եկատերինա Գորդոնը եւ Ելենա Բերկովան իսկապես առաջադրվեն Ռուսաստանի նախագահական ընտրություններում, ապա առաջիկա ընտրարշավը խոստանում է զվարճալի լինել: Չնայած ռուսական քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկիի հանդեպ երբեք առանձնապես համակրանք չեմ տածել, այնուամենայնիվ, ստիպված եմ նրա հետ համաձայնել, որ Սոբչակի եւ Գորդոնի մասնակցությունը ընտրությունները կվերածեն «բուֆոնադի եւ Հելոուինի»: Պուտինն այս կրկեսի ֆոնին կդառնա այլընտրանք չունեցող թեկնածու: Սակայն պետք է խոստովանել, որ դա իրոք այդպես է, չնայած այն սկանդալային դեմքերին, որոնք ցանկություն են հայտնել  մասնակցել ընտրություններին:

Քսենյա Սոբչակն իրեն անվանում է  թեկնածու «բոլորի դեմ»: «Եթե ես ձի եմ, ապա կախարդական: Եթե միաեղջյուր, ապա ցանկանում եմ մարդկանց պարգեւել հեքիաթ, երջանկություն եւ ճիշտ արժեքներ»,- նշել է «Դոմ-2»-ի նախկին հաղորդավարուհին:

Գորդոնը, որը, ի դեպ, շատ լարված հարաբերությունների մեջ է Սոբչակի հետ, համարում է «անհիմն, տարօրինակ եւ վտանգավոր» ապրելը մի երկրում, որտեղ բոլոր որոշումները կայացվում են մեկ անձի կողմից: Հետեւաբար նա ցանկանում է վերացնել նախագահի պաշտոնը եւ Ռուսաստանը դարձնել խորհրդարանական հանրապետություն: Իհարկե, ընտրվելու դեպքում:

Նախընտրական քարոզարշավում նախկին պոռնոդերասանուհի Ելենա Բերկովայի կարգախոսը հետեւյալն է՝ «Քվեարկեք Բերկովայի օգտին, այլապես վատ կվերջացնեք»: Միեւնույն ժամանակ, Բերկովան ցանկանում է արգելել ռուս կանանց 40 սմ-ից կարճ շրջազգեստ կրել: Պոռնոաստղը վրդովված է, որ «այսօր ցանկացած աղջիկ կարող է քայլել այնպիսի թափանցիկ հագուստով, որ  մարմնի բոլոր մասերը տեսանելի են: Նույնիսկ շորտերը երբեմն նման  են վարտիքի: Եվ այս ամենը նույնիսկ վարչական հանցագործություն չի համարվում»: