ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն արձագանքել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի տարածած հայտարարությանը, ըստ որի, բենզինի շուկայում միասնական գնային քաղաքականությունը կարող է վկայել հակամրցակցային համաձայնության մասին:

ՏՄՊՊՀ-ի պատասխանում, մասնավորապես, ասվում է.

«Ի պատասխան վերջին օրերին սեղմված բնական գազի, դիզելային վառելանյութի եւ բենզինի գնային բարձրացումների վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է հետեւյալը. ՀՀ հարկային օրենսգրքով, որը ուժի մեջ է մտել 2018 թվականի հուվարի 1-ից, սահմանվել է դիզելային վառելանյութի ակցիզային հարկի նվազեցում՝ մասնավորապես նախկին օրենսդրությամբ 1 տոննա դիզելային վառելանյութի համար վճարվում էր 10% ակցիզային հարկ, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար 35 000 դրամ, իսկ գործող նոր օրենսդրությամբ 1 տոննա դիզելային վառելանյութի համար սահմանված է 13 000 դրամ ակցիզային հարկ՝ հետեւաբար 1 տոննա դիզելային վառելանյութի համար ակցիզային հարկի գումարը նվազել է առնվազն 22 000 դրամով:

Սակայն, դիզելային վառելանյութի 1 տոննայի համար ակցիզային հարկի 22 000 դրամով նվազեցումը չի ենթադրում, որ 1 լիտր դիզելային վառելանյութի վաճառքի գինը կնվազի 22 դրամով, քանի որ որոշ տնտեսագետներ եւ վերլուծաբաններ հաշվի չեն առել բենզինի եւ դիզելային վառելանյութի խտության գործակիցը: Այսպես. դիզելային վառելանյութի եւ բենզինի ձեռքբերումները, փոխադրումը, հարկերի հաշվարկը իրականացվում է տոննայով, իսկ մանրածախ շուկայում այն վաճառվում է լիտրով՝ հետեւաբար ճշգրիտ հաշվարկներ իրականացնելու համար անհրաժեշտ է տոննայից կամ կիլոգրամից անցում կատարել լիտրի: 1տոննա բենզինը համարժեք է 1320-1335 լիտրի, 1 տոննա դիզելային վառելանյութը համարժեք է 1195-1210 լիտրի:

Հետեւաբար, 1 լիտր դիզելային վառելանյութի մասով ակցիզային հարկի նվազեցումը 22 դրամի փոխարեն կազմում է շուրջ 18 դրամ (22 000/1 200):

Մյուս կողմից անհրաժեշտ է հաշվի առնել այն խիստ կարեւոր փաստը, որ մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը դիզելային վառելանյութի ներմուծումը եւ իրացումը ԱԱՀ-ով չի հարկվել, իսկ դրանից հետո, ՀՀ նոր հարկային օրենսգրքով սահմանված փոփոխություններով պայմանավորված, դիզելի ներմուծումը եւ իրացումը հարկվում է ԱԱՀ-ով: Եթե այս ապրանքատեսակի վաճառքի նախկին գինը կազմում էր 380-390 դրամ, որից 18 դրամի չափով նվազեցվում է ակցիզային հարկը՝ այսինքն կազմում է մոտ 372 դրամ (390-18), ապա ձեւավորված նոր գնին նաեւ պետք է ավելացնել ԱԱՀ՝ 20%-ի չափով, որի արդյունքում կստացվի մոտ 446 դրամ (372+20%):

Հանձնաժողովի կողմից մշտապես կատարվող ուսումնասիրությունների արդյունքները փաստում են, որ բացի վերոնշյալ գործոններից, դիզելային վառելանյութի եւ բենզինի գնագոյացման վրա ազդում են նաեւ արտարժույթի փոխարժեքի տատանումները, ձեռքբերման գների եւ տեղափոխման գների փոփոխությունները:

Հանձնաժողովի կողմից բենզինի եւ դիզելային վառելանյութի շուկաներում իրականացված ուսումնասիրություններով ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների միջեւ հակամրցակցային համաձայնության դեպքեր չեն բացահայտվել:

Բենզինի եւ դիզելային վառելանյութի շուկայում ներկայումս գործունեություն են իրականացնում «Ֆլեշ» ՍՊԸ, «Սի ՓԻ ԷՍ Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ եւ «Մաքս Պետրոլ» ՓԲ ընկերությունները: Նշյալ ընկերությունները բենզինի եւ դիզելային վառելանյութի ձեռք են բերում ՌԴ-ից, (հիմնականում «Ռոսնեֆտ» եւ «Լուկօիլ» ընկերություններից), Բուլղարիայից եւ Թուրքմենստանից, այսինքն ներկրման երկրների աշխարհագրությունը նույնն է:

Երեւան քաղաքում գործող բենզալցակայանների մեծ մասը պատկանում է «Ֆլեշ» եւ «Սի Փի Էս» ընկերություններին՝ հետեւաբար նույն երկրից, նույն մատակարարներից եւ մոտավորապես համադրելի ծախսեր իրականացնող ընկերությունների բենզալցակայաններում հեղուկ վառելիքի սակագինը թանկանում է համադրելի ժամանակահատվածներում: Մյուս կողմից մայրաքաղաքում գործունեություն իրականացնող այլ բենզալցակայանները բենզինը եւ դիզելային վառելանյութը ձեռք են բերում հիմնականում վերոնշյալ երկու ընկերություններից եւ գործում են տվյալ ընկերությունների առեւտրային նշանի ներքո:

Հարկ է նաեւ նշել, որ մայրաքաղաքում առկա են որոշ բենզալցակայաններ, որոնք բենզինը եւ դիզելային վառելիքը գերիշխող ընկերությունների կողմից իրացվող գնից ավելի թանկ կամ ավելի էժան գնով են վաճառք իրականացնում: Մարզերում պատկերը այլ է. որոշ մարզերում գները համապատասխանում են Երեւան քաղաքի գներին, որոշ մարզերում էլ գինը թանկ է՝ հաշվի առնելով առաքման ծախսերը: Հետեւաբար այն պնդումը, որ բոլոր բենզալցակայաններում բենզինի եւ դիզելային վառելանյութի վաճառքի գները նույնն են եւ այստեղ հակամրցակցային համաձայնության տարրեր կան, հիմնավորված չեն եւ չեն համապատասխանում իրականությանը:

Միաժամանակ, ՀՀ Մրցակցային մարմինը պատրաստակամ է բաց եւ թափանցիկ համագործակցության բոլոր այն շահագրգիռ կողմերի հետ, ովքեր ունեն կոնկրետ փաստեր՝ մրցակցային չարաշահումների վերաբերյալ:

Բենզինի շուկայում միասնական գնային քաղաքականությունը կարող է վկայել հակամրցակցային համաձայնության մասին