Նախօրեին՝ փետրվարի 1-ի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 106-ամյա Սիլվարդ Ատաջյանը: 1915 թվականին Միջերկրական ծովի ափին գտնվող հայկական գյուղերի այն բնակիչները, անտեսելով թուրք իշխանությունների սպառնալիքները, բարձրացան Մուսա լեռը եւ ինքնապաշտպանություն կազմակերպեցին։ Արդարության մարտիկների մեջ էին նաեւ Սիլվարդ Ատաջյանի ծնողները՝ Հայրապետ եւ Մարիցա Շերբեթյանները: Այդ ժամանակ նա ընդամենը 3 տարեկան է եղել:

Դեռեւս երկու տարի առաջ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին, NEWS.am-ի հետ զրույցում Սիլվարդ Ատաջյանը պատմել է, որ հորեղբորը թուրքերը սպանել ու նետել են գետը, իսկ հորը հաջողվել է փախչել: «Ցերեկը կանայք առանց վախի կանգնում էին իրենց հայրերի, տղամարդկանց եւ եղբայրների կողքին, իսկ գիշերը աննկատ իջնում էին լեռան վրայից՝ խաղող, թուզ հավաքելու  համար, որպեսզի ինչ-որ կերպ սնունդ ապահովեն կռվող տղամարդկանց համար»,-նշել է նա: Ավելի ուշ Սիլվարդն իմացել է, որ իրենց հետ Մուսա լեռան պաշտպանությանը մասնակցում էր նաեւ իր ապագա սկեսուրը՝ Սիմա Ատաջյանը։

Առաջին  համաշխարհային պատերազմի ավարտից հետո հայերը նորից հնարավորություն են ունեցել վերադառնալ Մուսա լեռ, սակայն արդեն Հալեպում հաստատված Շերբեթյանների ընտանիքը մնացել է Սիրիայում, իսկ արդեն 1947-ի օգոստոսին Ատաջյան ամուսինները որոշում են տեղափոխվել Արեւելյան Հայաստան։

«Ֆրանսիացիները մեր հողերը թուրքերին տվեցին, այլեւս մենք չկարողացանք գնալ-գալ գյուղ»,- աչքերում լճացող արցունքները զսպոելով պատմում էր Սիլվարդ տատը:

Սիլվարդ Ատաջյանի թոռը՝ Նունեն, մեզ հետ զրույցում պատմել է, որ ամեն տարվա սեպտեմբերի ամեն 3-րդ կիրակի Սիլվարդ տատը թոռների եւ հարազատների համար հարիսա էր եփում՝ մուսալեռցիների ավանդական կերակուրը։ Այդպես նա հարգանքի տուրք է մատուցում իր հորն ու Մուսա լեռան պաշտպաններին։

Նունեի խոսքով, տատը մինչեւ վերջին պահը ոտքի վրա է եղել, գիտակցությունը տեղը, հիվանդ չի եղել: Հենց բազկաթոռին նստած վիճակում էլ մահացել է:

Հիշեցնենք, որ 2015 թվականին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ NEWS.am-ը «Վերապրածները» նախագծի շրջանակներում անդրադարձել է Սիլվարդ Ատաջյանի կյանքին:

100 տարի զղջման սպասումով. Սիլվարդ Ատաջյան (ֆոտոռեպորտաժ)