News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


NEWS.am-ը 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին շարունակում է նյութեր հրապարակել «Վերապրածները» նախագծի շրջանակներում։

«Վերապրածները» իրենց մանկությունն ու հայրենիքը կորցրած սովորական մարդկանց  պատմություններն են։

«Վերապրածները» 100 տարվա ցավն ու հիշողությունն է, փոխհատուցման 100 տարվա սպասումը։

 «Վերապրածները» այն մարդկանց օրեցօր նոսրացող խումբն է, որոնք չեն կորցնում ճանաչման հույսը՝ իրենց ցավի ճանաչման հույսը։

Դա 103-ամյա Սիլվարդ Ատաջյանն է:

Փակ զարդատուփը միշտ էլ ուզում ես բացել։  Առավել եւս հին, ծովային խեցիներով զարդարվածը, որը, ամենայն հավանականությամբ, շատ գաղտնիքներ է պահում (ֆոտոռեպորտաժ)։ Սակայն նրբանկատության զգացումը հաղթում է, եւ ես համբերատար սպասում եմ տան տերերին։

-Սա տատիկիս զարդատուփն է։ Դա նրան իր մայրն է նվիրել,- նկատելով իմ հետաքրքրասիրությունը՝ ասաց Նունե անունով երիտասարդ կինը։- Այսօր դրանում պահվում են ընտանեկան արխիվի լուսանկարները։ Եթե ուզում եք, կարող եք նայել։ Տատիկս հիմա կգա եւ ամեն բան կպատմի։

Այդ խոսքի վրա դռներում հայտնվեց ճերմակահեր, արժանապատվության զգացումը վեր պահած Սիլվարդ Ատաջյանը։ Մի փոքր դանդաղելով՝ նա անցավ սրահով եւ նստեց իր մշտական հին բազկաթոռին։ Նստելով տատիկի կողքին դրված աթոռին՝ հայացքս պատահաբար ընկավ երիտասարդ տղամարդու լուսանկարին, որը դրված էր սպասքապահարանի ապակու հետևում։

-Սա ձեր թոռնի՞կն է,- փորձում եմ սկսել զրույցը։

-Այո, սակայն նա արդեն չկա,- հազիվ լսելի շշնջում է նա։

-Ցավում եմ,- շփոթվեցի ես՝ չգիտես ինչու ավելացնելով,- ամեն բան Աստծու ձեռքում է։

- Ախր ճի՞շտ է, որ ես այսքան երկար ապրում եմ, իսկ նա այդքան վաղ հեռացել է մեզնից,- դառնությամբ հարցնում է տատիկը։- Աստված ինչպես այն ժամանակ անարդար էր, այնպես էլ անարդար է մնում այսօր։

Այն ժամանակը 100 տարի առաջ էր։ 1915թ., երբ Միջերկրական ծովի ափին գտնվող հայկական գյուղերի բնակիչները, անտեսելով թուրք իշխանությունների սպառնալիքները, բարձրացան Մուսա լեռը եւ ինքնապաշտպանություն կազմակերպեցին։ Արդարության մարտիկների մեջ էին նաեւ Հայրապետ եւ Մարիցա Շերբեթյանները։

- Իմ օրիորդաց ազգանունը Շերբեթյան է, իսկ հիմա ես կրում եմ ամուսնուս ազգանունը՝ Ատաջյան,- պարզաբանում է Սիլվարդը։

Նա ծնվել է 1912թ. Յողունօլուք գյուղում։ Այդ դեպքերի ժամանակ նա ընդամենը 3 տարեկան էր։

-Հորեղբորս թուրքերը սպանեցին եւ նետեցին գետը, իսկ հորս հաջողվեց փախչել,- պատմում է նա իր ծնողների ասածը։- Մենք ավելի քան 40 օր պաշտպանվում էինք։

Ցերեկը կանայք առանց վախի կանգնում էին իրենց հայրերի, տղամարդկանց եւ եղբայրների կողքին, իսկ գիշերը աննկատ իջնում էին լեռան վրայից՝ խաղող, թուզ հավաքելու  համար, որպեսզի ինչ-որ կերպ սնունդ ապահովեն կռվող տղամարդկանց համար։ Ավելի ուշ Սիլվարդը կիմանա, որ իրենց հետ Մուսա լեռան պաշտպանությանը մասնակցում էր նաեւ իր ապագա սկեսուրը՝ Սիմա Ատաջյանը։

Օր օրի վրա թուրքական հարձակումներից պաշտպանվելն ավելի դժվար էր դառնում։

-Ուժերը սպառվում էին։ Մի օր մեր Տեր հայրը ասաց. «Եթե հանկարծ ուժերը մեզ լքեն, բոլորս մեծից փոքր ծովը կնետվենք»։

Օրերից մի օր ափին երեւաց ֆրանսիական մի նավ։

-Կապիտանը նկատեց մեր սպիտակ դրոշը եւ մակույկներ իջեցրեց։

Լսելով հայերի պատմությունը՝ կապիտանը հրամայեց բոլոր պաշտպանվողներին նավ վերցնել եւ տեղափոխել Եգիպտոս՝ Պորտ Սայիդ քաղաք։

Առաջին  համաշխարհային պատերազմի ավարտից հետո հայերը նորից հնարավորություն ունեցան վերադառնալ Մուսա լեռ։ Սակայն այդ ժամանակ արդեն Հալեպում հաստատված Շերբեթյանների ընտանիքը մնաց Սիրիայում։ Հայրապետը փոքրիկ խանութ բացեց եւ սկսեց սանրերի արտադրությամբ զբաղվել։

-Մենք մյուսների հետ չվերադարձանք, սակայն հաճախ էինք այցելում մեր տունը,- պատմում է Սիլվարդ տատը,- 7 երեխա էինք։ Ես 3 քույր ունեի եւ 3 եղբայր՝ Նազելին, Լուսիկը, Մարին, Սարգիսը, Վարդանը եւ Պողոսը։

1935թ. Սիլվարդն ամուսնանում է Հովսեփ Ատաջյանի հետ, որը Խդրբեկ գյուղից մի հայ սպա էր եւ ծառայում էր ֆրանսիական բանակում։ 1937թ. երիտասարդ ընտանիքում ծնվեց առաջնեկը. տղային կոչեցին Հովհաննես։ Շուտով Սիլվարդը ընտանիքի հետ տեղափոխվեց Բեյրութ:

Ժամանակն անցնում էր, եւ մուսալեռցիներին թվում էր, թե անցել են օրերը, երբ իրենք պատրաստ էին մեռնել հայրենի հողի համար։ Սակայն շուտով ամեն բան փոխվեց։ Կարգավորված կյանքը փլուզվեց 1939թ.։

-Ֆրանսիացիները մեր հողերը թուրքերին տվեցին,- աչքերում լճացող արցունքները զսպում է Սիլվարդ տատը,- այլեւս մենք չկարողացանք գնալ-գալ գյուղ։

1947թ. օգոստոսին Ատաջյան ամուսինները որոշում են տեղափոխվել Արեւելյան Հայաստան։

-Սկզբում նրանք հաստատվում են Էջմիածնում, իսկ 1947թ. Հովսեփ պապիկիս կուլակ են հայտարարում եւ աքսորում Վարդենիս,- շարունակում է Նունեն ընտանիքի պատմությունը։

Նրա խոսքով՝ նախքան Հայաստան տեղափոխվելը նա այրել էր բոլոր փաստաթղթերը՝ վախենալով, որ նրան Սիբիր կաքսորեն։

-5 տարի մենք ապրեցինք Վարդենիսում։ Ամուսինս աշխատում էր կոլխոզում, իսկ ես գորգ էի գործում։ Միայն 1952թ. մեզ Երեւանում հող տվեցին, իսկ 1953թ. մենք կառուցեցինք այս տունը։

Հովհաննեսից բացի, Ատաջյան ընտանիքում ծնվեց եւս 3 երեխա՝ Հակոբը, Սիման եւ Սողոմոնը։

Հայրապետ եւ Մարիցա Շերբեթյանները մահացան Հալեպում։ Նրանք այդպես էլ չկարողացան տեղափոխվել Հայաստան,- սրտի կսկիծով պատմում է Սիլվարդը։

-Այսօր իմ ընտանիքից միայն ես եմ մնացել,- ասաց նա։

Նունեի խոսքով՝ սեպտեմբեր ամսվա ամեն 3-րդ կիրակի Սիլվարդ տատը թոռների եւ հարազատների համար հարիսա է եփում՝ մուսալեռցիների ավանդական կերակուրը։ Այդպես նա հարգանքի տուրք է մատուցում իր հորն ու Մուսա լեռան պաշտպաններին։

Անի Աֆյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

«Վերապրածները» նախագծի նախորդ նյութերը՛

100 տարի զղջման սպասումով. Խոսրով Ֆրանգյան

100 տարի զղջման սպասումով. Արեւալույս Ամալյան

100 տարի զղջման սպասումով. Մարգարիտա Մխիթարյան

100 տարի զղջման սպասումով.Ահարոն Մանուկյան

100 տարի զղջման սպասումով. Սութե Քոչարյանն

100 տարի զղջման սպասումով. Նեկտար Ալատուզյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ