News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


«Վերապրածները». այսպես է կոչվում նոր նախագիծը, որը  NEWS.am-ը նախաձեռնել է Օսմանյան Թուրքիայում 1915-23թթ. իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին։

«Վերապրածները» իրենց մանկությունն ու հայրենիքը կորցրած սովորական մարդկանց պատմություններն են։

«Վերապրածները» 100 տարվա ցավն ու հիշողությունն է,  փոխհատուցման 100 տարվա սպասումը։

«Վերապրածները» այն մարդկանց օրեցօր նոսրացող խումբն է, որոնք չեն կորցնում ճանաչման հույսը՝ իրենց ցավի ճանաչման հույսը։

«Վերապրածները» 105-ամյա Խոսրով Ֆրանգյանն է։

Allons enfants de la Patrie,

Le jour de gloire est arrivé !

Contre nous de la tyrannie,

L'étendard sanglant est levé…

Ֆրանսիական «Մարսելիեզն» է երգում Խոսրով պապը, սահուն անցնում արաբական մոտիվներին եւ կանգ առնում մուսալեռցի հայերի երգի վրա: Չնայած ծանր, զրկանքներով լի կյանքի 105 տարիներին, նրան հաջողվել է պահպանել կենսուրախությունն ու հումորի նուրբ զգացումը (ֆոտոռեպորտաժ):

Խոսրով Ֆրանգյանը ծնվել է 1910թ. ամռանը Միջերկրական ծովի ափին, Մուսա լեռան շրջակայքում գտնվող Քաբուսիե գյուղում: Նրանից բացի, Արիստակես եւ Սիմա Ֆրանգյանների ընտանիքում եւս 2 երեխա կար՝ Հակոբն ու Իսկուհին: 8 տարեկանում Իսկուհին հիվանդանում է  եւ մահանում:

- 38թ. թուրքը որ էկավ, ասեց՝ պիտի նալոգ տաք։ Ասեց՝ ես ձեր նման եմ: Ասեցի՝ թուրքը  թուրք կմնա, հայը՝ հայ: Էսօր կասի՝ այո, վաղը կասի՝ չէ: Էդ բանը ունի թուրքը: Մենք փող չունեինք, հայրս, մայրս աշխատում էին, մեր հողամասը ցանում, ուտում էինք։ Մի հատ կով ունեինք, ասեցին՝ դե կովը տանում ենք։ Ասեցինք՝ դե տարեք, ինչ անենք…,- պատմում է Խոսրով պապը:

1939թ. լեռան շրջակա հայկական 7 գյուղերի բնակիչները փակում են դռներն ու իջնում ափ՝ հոգու խորքում փայփայելով մի օր վերադառնալու հույսը:

- Ինչ հետ դառնալ․․․գնաց… Ֆրանսիացին հանձնեց մեր էտ գյուղը, էնտեղից  նավով տեղափոխեց որտեղ որ պետքա.․․,- հիշում է նա:

Հասնում են մինչեւ Սիրիա եւ ափ դուրս գալիս Ռաս ալ-Բասիտում, Քեսաբից ոչ հեռու: Որոշ ժամանակ վրաններում են ապրում: Ավելի ուշ մուսալեռցիներին տարածք են հատկացնում, որտեղ 1939թ. ստեղծվում է ժամանակակից Այնճարը:

- Ընտանիքիս Այնճարում բրախեցի ու գնացի Բեյրութ: Տարբեր գործեր էի անում. աման էի լվանում, շինարարություն անում։ Էնտեղից գնացի Դամասկոս, աշխատում էի անգլիացու մոտ:

Այդ ժամանակ Խոսրովն արդեն նշանված էր եւ մտածում էր հարսանիքի մասին: Հարսնացուն՝ Նեկտարը, նրան սպասում էր Այնճարում: Մի օր նա արձակուրդ է խնդրում, որպեսզի տուն գնա եւ ամուսնանա:

- Ամուսնացանք 1945 թվի մայիսի 9-ին: 3 օր սաղ քաղաքում դհոլ-զուռնա էր լսվում: Ինչ քեֆ էինք անում... էէէէ, սաղ անցավ, գնաց,- կսկիծով հիշում է պապը:

- Ինչպե՞ս եք ծանոթացել:

- Մեր հարեւանն էր: Վաղուց էի վրեն աչք դրել,- փոքր-ինչ ամոթխած ասում է Խոսրով պապն ու հավելում,- որ ամուսնացանք, նենց նիհար էր, 40 կիլո... ոսկոր ու կաշի: Ինչ հետս ամուսնացավ, լավ չաղացավ, ըհը, սենց դարձավ,- ձեռքերով շրջան է գծում պապն ու ծիծաղում:

1946թ. երիտասարդ ընտանիքում ծնվում է դուստրը՝ Սոնյան, մեկ տարի անց որոշում են տեղափոխվել Խորհրդային Հայաստան:

1947թ. Ֆրանգյաններն արդեն ապրում էին Էջմիածնում, որտեղ ծնվում է նրանց որդին՝ Բորիսը: Երկու տարի անց Խոսրովին «դաշնակ են հանում» ու արտաքսում Սիբիր:

- Ինչ-որ թուղթ տվեցին, ասեցին՝ պիտի ստորագրես, որ դաշնակ ես: Բայց ես երբեք դաշնակ չեմ եղել: «Քեզ ասում են՝ ստորագրի՛ր»: Ստիպված ստորագրեցի: Եթե վերեւում տենց են որոշել, էլ ոչինչ չես կարա անես:

Խոսրովին ու Նեկտարին ուղարկում են Ալթայի երկրամաս, Տրոիցկի շրջան: Շուտով առաջարկում են տրակտորիստ դառնալ:

- Ասում եմ՝ ռուսերեն չգիտեմ: Իրանք էլ, թե՝ գյուղում տղամարդ չկա, կգնաս ու կսովորես: Դե ես էլ գնացի: Տետրում հայերենով գրում էի անծանոթ ռուսերեն բառերը: Որ պիտի քննություն հանձնեինք, առաջինը գնացի պատասխանելու: Ես վատ էի խոսում ռուսերեն, բայց գործից լավ էի հասկանում: Ասեցին՝ մալադեց, Խոսրով, ասեցին ու դիպլոմ տվեցին:

Սիբիրում ընտանիքում եւս 2 երեխա է ծնվում՝ Խաչատուրն ու Վարդուհին: Այսօր Խաչատուրը հոգեւորական է եւ ապրում է Հոլանդիայում: Առաջին որդուն նա հոր պատվին Խոսրով է կոչել: 2000-ական թվականներին պապիկը նրանց հյուր է գնացել:

- Պապի, Հոլանդիան քեզ դուր եկա՞վ: Կուզեի՞ր այնտեղ մնալ:

- Չէէէէ: Լեզուն չգիտեմ, բան չգիտեմ: Ի՞նչ անեմ էնտեղ: Տունը ավելի լավ ա:

1956 թվականին Ֆրանգյանները վերադառնում են Էջմիածին: Խոսրովը պահածոների գործարանում աշխատանքի է անցնում որպես պահեստապետ:

- Մինչեւ հիմա նա մտքում այնպիսի բարդ հաշվարկներ է կատարում: Մինչ գազի աղջիկը հաշվիչով հաշվում է, ինքը արդեն պատրաստ թվերն ասում է,- պատմում է դուստրը՝ Վարդուհին, եւ ցույց տալիս ընտանեկան ալբոմը:

- Գեղեցիկ ես եղել, պապի,- նկատում եմ ես:

- Հաաաա՜,- հպարտորեն ուղղում է մեջքը:

- Հայրիկ, խոստովանիր, քանի՞ սիրուհի ես ունեցել,- խորամանկ ժպտում է Վարդուհին:

- Օօօօ՜, թիվ ու հաշիվ չկա,- անմիջապես դերի մեջ է մտնում պապը: Բայց ձեռքն է վերցնում լուսանկարը, որում կնոջ հետ նստած է սեղանի շուրջ, եւ դեմքին տխրություն է իջնում:

Նեկտարը վախճանվում է 1995թ.՝ ոսկե հարսանիքի նախօրեին:

- 50 տարի իրար կողք ենք ապրել։ Միասին տուն ենք կառուցել: Ինձ իսկական հենարան էր:

20 տարի առաջ Խոսրով պապն ուղեղի կաթված է ստանում: Նրա մարմնի աջ կողմը գրեթե ամբողջությամբ կաթվածահար է: Ամեն դեպքում, նա շարունակում է ակտիվ ապրել. ռադիո է լսում, երաժշտությամբ հետաքրքրվում:

- Ո՞նց ես քեզ զգում, պապի:

- Լավ, բալիկս: Չեմ դժգոհում: Քեզ էլ եմ մաղթում իմ չափ ապրես: Բայց անպայման պարզ ուղեղով։ Ո՞ւմ են պետք տկարամիտ ծերերը,- աչքով է տալիս Խոսրով պապը։

Խոսրով պապը երջանիկ է։ Նա երկար ու դժվար կյանք է ապրել՝ դառնություններով եւ, իհարկե, ուրախություններով լի։ Միակ բանը, որից մռայլվում է նրա կյանքը, ցավն է, որը հրաժարվում են կիսել նրանք, ում նախնիներն այդպես անխղճաբար զրկել են իրեն հայրենիքից։

Անի Աֆյան
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ