News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


NEWS.am-ը 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին շարունակում է նյութեր հրապարակել «Վերապրածները» նախագծի շրջանակներում:

«Վերապրածները» իրենց մանկությունն ու հայրենիքը կորցրած սովորական մարդկանց պատմություններն են։

«Վերապրածները» 100 տարվա ցավն ու հիշողությունն է,  փոխհատուցման 100 տարվա սպասումը։

«Վերապրածները» այն մարդկանց օրեցօր նոսրացող խումբն է, որոնք չեն կորցնում ճանաչման հույսը՝ իրենց ցավի ճանաչման հույսը։

«Վերապրածներից» է 102-ամյա ԱՐԵՎԱԼՈՒՅՍ ԱՄԱԼՅԱՆԸ:

- Որտե՞ղ ես ծնվել, աղջիկ ջան,- տաք ափերի մեջ ձեռքս բռնած՝ շողացող աչքերով ինձ է նայում 102 տարեկան Արեւալույս Ամալյանը (ֆոտոռեպորտաժ):

Դժվար է պատկերացնել՝ ինչպես են թափանցիկ սպիտակ մաշկով այս փոքրիկ ձեռքերը քարը քարի վրա շարելով կառուցել տուն, ընտանիք, նոր կյանք...

- Երեւանում, տատի: Իսկ դո՞ւ… որտե՞ղից ես:

- Ես…- նրա դեմքը մթնում է - էրգրից:

Արեւալույս տատը կտրուկ հետ քաշվեց, ապա ձեռքերը կրծքին խաչելով, անխոս հայացքն ուղղեց պատուհանին: Մեկ ակնթարթում կարծես կենսախնդությունը կորցնելով՝ նա հասկացրեց, որ չի ցանկանում շարունակել զրույցը։

- Վերջ, էլ ոչինչ չի ասի,- ասաց նրա որդի Լեւոնը:

Երեխաների, թոռների, ծոռների (նրանք 60-ից ավելի են) հոգատարությամբ եւ ուշադրությամբ շրջապատված Արեւալույս տատը, այնուամենայնիվ, չի կարողանում հաշտվել անցյալի հետ, որտեղ մնացել են որբ մանկությունն ու ընդմիշտ կորցրած տունը:

Արեւալույս Հազարյանը ծնվել է 1913թ. հունվարի 4-ին Արաբկիրում՝ արհեստավորի ընտանիքում: 1915թ. ապրիլին նրա հորը՝ Խաչատուրին, դաժանաբար սպանում են, իսկ մայրը՝ գեղեցկուհի Վերգինեն, ամուսնանում է թուրք փաշայի հետ՝ իր երեխաների եւ ընտանիքի մյուս անդամների կյանքը պահպանելու պայմանով:

2 տարեկան Արեւալույսի մասին հոգ են տանում պապիկն ու հորաքույրները: Նրա եղբորը՝ 4-ամյա Հովհաննեսին, մորեղբայրներն իրենց հետ Հալեպ են տանում: Երբեմնի մեծ ու համերաշխ Հազարյանների ընտանիքը քանդվում է, չկարողանալով հաղթահարել հոգու ցավն ու կարոտը՝ պապը շուտով մահանում է։

Հորաքույրների եւ ջարդերից փրկված մյուս արաբկիրցիների հետ Արեւալույսը  1926թ.հասնում է նախ Բաթում, այնտեղից էլ՝ գնացքով Երեւան: Այստեղ նրանց տուն կառուցելու համար հող են հատկացնում: Այսպես ստեղծվում է մայրաքաղաքի նոր՝ Արաբկիր թաղամասը։ Կյանքը կամաց-կամաց հունի մեջ է ընկնում:

1930-ականներին Արեւալույսն ամուսնանում է Սարգիս Ամալյանի հետ:

- Նա տեղացի՞ էր:

- Ոչ, հայրս նույնպես Արաբկիրից էր: Նրա ճակատագիրը պակաս ողբերգական չէ,- պատմում է Լեւոնը:

Սարգիսն 8 տարեկան է լինում, երբ թուրք զինվորները ներխուժում են նրանց տուն եւ տանում ընտանիքի բոլոր անդամներին: Միայն նա է կարողանում փախչել եւ թաքնվել անտառում: Հաջորդ օրը տղային գտնում եւ իրենց հետ տանում են ողջ մնացած հայերը:

- Հայրս պատմում էր, որ տեսել է՝ ինչպես են թուրքերը հայերին շարում Եփրատի ափին, մահակով հարվածում գլխներին եւ նետում գետը:

- Նա իր ընտանիքի անդամներից որեւէ մեկին գտե՞լ էր:

- Ո՛չ:

- Քանի՞ երեխա են ունեցել Արեւալույսն ու Սարգիսը:

- Բացի ինձանից եւս երեք երեխա՝ Սիրուշը, Անահիտը եւ Գրիգորը:

- Երբեւէ փորձե՞լ եք Հալեպում փնտրել ձեր մորեղբորը:

- Այո: Բայց, ցավոք, մենք այդպես էլ չտեսանք նրան: Նա տարիներ առաջ մահացել է սարսափելի ավտովթարից։

- Իսկ ի՞նչ է եղել Վերգինե տատիկի հետ:

- Նա փաշայից երեք որդի է ունեցել: Ասում են՝ փաշան տատիկիս շատ է սիրել, թույլ է տվեց աղոթել, բարձի տակ Ավետարան պահել:

Փաշայի հետ համատեղ կյանքի ընթացքում Վերգինեին հաջողվում է փնտրել եւ կապ հաստատել Հալեպի եղբայրների հետ: Մի անգամ, արդեն ամուսնու մահից հետո, Վերգինեն քնքշորեն համբուրել է քնած թոռներին եւ տնից աննկատ դուրս եկել: Այլեւս ոչ ոք նրան Թուրքիայում չի տեսել:

- Ո՞ւր է գնացել:

- Հալեպ՝ եղբայրների մոտ:

Վերգինեի պատմությունն այնքան է հետաքրքրել տեղի լրագրողներին, որ շուտով Հալեպի թերթերում հայտնվել է նրա պատմությունը՝ «Ես եկել եմ, որ հայ մեռնեմ» վերնագրով։

- Իսկ աղջկան՝ Արեւալույսին, չի՞ փորձել փնտրել:

- Նա մեզ գտավ իր եղբայրների միջոցով: Բայց չէր կարողանում հավատալ, որ դուստրը ողջ է: Մի օր Հալեպից մեր ընդհանուր ծանոթն այցելեց եւ փոխանցեց նրա խնդրանքը:

- Ի՞նչ խնդրանք:

- Համոզվելու համար, որ Արեւալույսն իր դուստրն է, նա խնդրել էր ստուգել՝ ուսին նշան կա, թե ոչ:

Հասկանալով, որ դուստրը ողջ է, Վերգինե տատը ցանկանում է տեսնել նրան: Սակայն Արեւալույսը կտրականապես հրաժարվում է մորը հանդիպել։

- Ինչո՞ւ:

- Այս ամբողջ տարիներին մայրս մեզանից թաքցրել է իր մոր պատմությունը: Նա այդպես էլ չկարողացավ ներել թուրքի հետ նրա ամուսնությունը, այդ պատճառով մեր բոլոր հարցերին պատասխանում էր, թե թուրքերը հորն էլ, մորն էլ սպանել են: Երբ իմացանք ճշմարտությունը, ասաց. «Ո՞նց կարող էր թուրք շան կինը դառնալ: Ավելի լավ ա՝ մեզ բոլորիս սպանեին»:

Արեւալույս Ամալյանի մոր՝ Հալեպում արված լուսանկարը (աջից վերջինը)

Վերգինեն մահացել է Հալեպում 106 տարեկանում։ Ասում են՝ մինչեւ վերջին պահը նա դստերը տեսնելու հույսը չի կորցրել։

Անի Աֆյան

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի

«Վերապրածները» նախագծի առաջին նյութը՝ 100 տարի զղջման սպասումով. Խոսրով Ֆրանգյան (ֆոտոռեպորտաժ)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ